ԿարևորՔաղաքական

Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Փաշինյանն ու Տուսկը քննարկել են ԼՂ հարցը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Դոնալդ Տուսկին երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը: Տեղի ունեցած հանդիպումից հետո նրանք  կառավարությունում հանդես են եկել հայտարարություններով զանգվածային լրատվամիջոցների համար։

Տուսկը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, որին արձագանքել են Արցախից:   

Մեր բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության եւ կառուցողական երկխոսության մթնոլորտում՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ներկայացրեց քննարկած հարցերի շրջանակը՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններից մինչեւ տարածաշրջանային խնդիրներ ու ԼՂ հակամարտություն: Վարչապետը վերահաստատել է օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը:

Խոսել են նաեւ  Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ շեշտելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ ներկայիս գործադրած ջանքերը: Այդ առումով Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրոպական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությունը եւ հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության եւ գաղափարական զորակցության համար՝ շեշտեց վարչապետ Փաշինյանը:

«Մենք զրուցեցինք նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը աներկբայորեն պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում»,- նշեց ՀՀ վարչապետը:

ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկն իր հերթին շեշտեց, որ ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգ ստեղծելու Հայաստանի կառավարության ջանքերը, ինչը կարեւոր բաղադրիչ է ժողովրդավարության, տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Ասաց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակելու աշխատանքը Հայաստանի կառավարության հետ: ԵՄ խորհրդի նախագահը ԼՂ հակամարտության խնդրին նույնպես անդրադարձավ:

 «ԵՄ-ն ոգեւորված է վերջին տարվա դինամիկայով, հատկապես մարդկանց խաղաղության պատրաստելու եւ հումանիտար խնդիրների վրա կենտրոնանալու հանձնառության, սակայն, ԵՄ-ն նաեւ կիսում է Մինսկի խմբի մտահոգությունը վերջերս շփման գծում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում գրանցված զոհերի, ինչպես նաեւ ռազմատենչ հռետորաբանության աճի կապակցությամբ: Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ վերականգնեն բանակցություններին նպաստող միջավայրը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ պետք է գտնել քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքին եւ նորմերին համապատասխան: ԵՄ-ն շարունակում է սատարել Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված երկարատեւ եւ արդարացի լուծում գտնելուն, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին հավատարին»,- ընդգծեց Տուսկը:

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ ջերմ ընդունելիության համար: Ասաց, որ իրեն քաջալերում և խրախուսում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ նվաճված առաջընթացը:

Ուզում եմ հավաստիացնել, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ և Ձեզ հետ` հօգուտ բոլոր հայերի՝ եզրափակեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նշենք, որ ԵՄ խորհրդի նախագահը Երեւան էր այցելել Բաքվից: Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիեւի հետ հանդիպումից հետո նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ: Արցախի հակամարտության կարգավորումից խոսելով՝ ասել էր, որ խնդրին պետք է տրվի քաղաքական լուծում, եւ խոսք չկա ռազմական լուծման մասին: Եվրոպացի պաշտոնյան իր խոսքում, ոչ Արցախի հարցի կարգավորման քննարկման ժամանակ, նաեւ նշել էր, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: ԵՄ խորհրդի նախագահի՝ Բաքվում արած հայտարարությանն իր ՖԲ էջում արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Արցախում մեղմ ասած՝ հիասթափված են։ Արցախի նախագահի խոսնակի ձևակերպմամբ, այդ հայտարարությամբ փորձում են հավասարակշռություն պահպանել և իրենց ազգային շահերն առաջ տանել։ Դավիթ Բաբայանը նկատում է, որ այդ հայտարարությունում չի խոսվում Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության, մարդ  կացնահարածին  հերոսացման, ռևանշիստական ու ագրեսիվ քաղաքականության մասին։  

«Չի կարելի թաքցնել մտահոգությունները, իսկ դրանք շատ են։ Մենք տեսնում ենք խավիարակերություն, համաեվրոպական խաղերի անցկացում Բաքվում։ Լավ, ո՞րն է սկզբունքը։ Եթե խոսում են տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է հստակ ասել, թե ինչ ի նկատի ունի՝ առկա՞ սահմանները, թե՞ նրանք, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են»,- ասաց Դավիթ Բաբայանը:  

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ «մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով» հատվածին, ապա ըստ Դավիթ Բաբայանի դա ավելի մարդասիրական բնույթ ունի՝ բոլորի համար էլ կորուստներն անընդունելի են։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը՝ շեշտում է, որ հայկական կողմը պետք է կարողանա ճիշտ հետևություններ անել, վարել միասնական ու ճիշտ աշխարհաքաղաքականություն՝  հայկական կողմի շահերից ելնելով։

Ի դեպ, այսօր, այն պահին, երբ ընթանում էր Դոնալդ Տուսկի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եւ ԶԼՄ-ների համար հայտարարությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել, որը սկսվել է Ազատության հրապարակից: Այնտեղից ցուցարարները շարժվել են  դեպի Հանրապետության Հրապարակ՝ կառավարության շենք, որպեսզի իրենց բողոքը ներկայացնեն Դոնալդ Տուսկին: Ոստիկանները, սակայն, ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ կառավարության շենքին։

Ցուցադրել ավելի
Back to top button