Հասարակություն

Ինչո՞ւ չի աշխատում սոցիալական գովազդը

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մեր երկրում սոցիալական գովազդի ուժի ու ազդեցության մասին քիչ է խոսվում, ոլորտում կատարված մոնիտորինգի արդյունքներն էլ հուսադրող չեն: Բայց հատուկ հանձնաժողովի կողմից կառավարությանն արդեն սոցիալական գովազդի զարգացման հայեցակարգ է ներկայացվել:

Կառավարության սեղանին սոցիալական գովազդի զարգացման հայեցակարգ կա՝ ներկայացնող կողմի հետ համատեղ աշխատանք սկսելու համար: Ներկայացնող կողմի ներկայացուցիչն է նաև «Աուդիո–Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը։  

Ասում է՝ Հայաստանը, չօգտագործելով սոցիալական գովազդը, բաց է թողնում հասարակության հետ աշխատանքի հզոր գործիք: Հայաստանը ոլորտի ինստիտուցիոնալ կայացման կարիք ունի, նախորդ 6 ամիսների ընթացքում իրականացված սոցիալական գովազդի մոնիտորինգն էլ ցույց տվեց, որ ոլորտը բավականին վատ վիճակում է:

Նախ չկան սոցիալական գովազի պրոֆեսիոնալ պատվիրատուներ:

Հայեցակարգը բազմակողմանի մոտեցումներ է նախատեսում` ԶԼՄ–ների և հեռուստատեսության մասին օրենքներում նախատեսված օրենսդրական փոփոխություններից մինչև հարկային փոփոխություններ։ Մասնավորապես՝ առաջարկվում է նախատեսել հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք կտեղադրեն սոցիալական գովազդ։

Սոցիալական գովազդը չպետք է լինի կցկտուր, հազվադեպ հեռարձակվի առանձին ռեսուրսներով։ Այն պետք է ներկայացվի որպես հետևողական քաղաքականություն, որն իր առջև պետք է դնի կոնկրետ նպատակ, ազդի մարդկանց ենթագիտակցության վրա:

«Ուսումնասիրվել է 4 նախարարություն` առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական նախարարությունները։ Պարզվեց, որ տարեկան ստացվում է սոցիալական գովազդի 3–5 հայտ։ Ընդ որում՝ օրինակ ԱՄՆ–ում տարեկան 330 հազար հոլովակ է թողարկվում», – նշեց Հարությունյանը` հավելելով, որ կա սոցիալական քաղաքականության ծրագիր։ 

Բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանում սոցիալական գովազի ինստիտուտի կայացման նախապայմաններ կան, հուսադրում է զրուցակիցս, հայեցակարգային համակարգում լինի սայլը տեղից արագ կշարժվի:

Ցուցադրել ավելի
Back to top button