ԿարևորՏնտեսական

1-ին կիսամյակում 63 մլրդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ամփոփել է կիսամյակը: Հարկային եկամուտները փաստացի կազմել են 713.4 միլիարդ դրամ: Սա նախատեսվածից ավելի է 63 մլրդ դրամով:

Այսինքն՝ այդքանով առաջին կիսամյակում գերակատարվել է հարկային եկամուտների ցուցանիշը, որը կազմում է 9.6 տոկոս: ՊԵԿ նախագահը շեշտել է, որ ըստ էության, տարվա համար կանխատեսված գերակատարումն ուղղակի կատարվել է առաջին կիսամյակում, ինչը, սակայն, չի նշանակում, որ հաջորդ կիսամյակում աննախադեպ գերակատարման այս նույն տենդենցը պետք է ակնկալել:

Արձագանքելով լրագրողների հարցերին՝ ՊԵԿ նախագահը խոսել է նաեւ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմաներից, օրինակ՝ ի վերջո, 2020 թվականից ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը կբարձրանա՞ն, թե՞ ոչ:

Անդրադառնալով հարցին՝ ի վերջո 2020 թվականից բարձրանալո՞ւ են ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատորքերը, թե՞ ոչ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ քննարկումներ ընթանում են, թեպետ՝ ոչ այնքան ակտիվ:

«Պետք է բանակցենք կրկին հետաձգելու համար: ԵԱՏՄ շրջանակներում այդ հարցով բանակցելու տրամադրվածություն Հայաստանի կառավարությունում կա՝ հետաձգելու առումով: Բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ, որովհետեւ այդ բանակցություններին կամ քննարկումներին ես  չեմ մասնակցում»,- ասաց Անանյանը:

Վերջին շրջանում բավականին բուռն են քննարկումները «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի շուրջ: Նախագծի վերաբերյալ հարցին արձագանքելով՝ ՊԵԿ նախագահը ասաց, որ իրենք այդ օրինագծից մի փոքր «հետ են քաշվել», քանի որ կա ձեւավորված աշխատանքային խումբ, որը Արդարադատության նախարարության ներքո է, եւ կարծում են, որ այն վստահելի ձեռքերում է: Նշեց միայն, որ կա տարընթերցում՝ կապված «առանց դատական ակտի» ձեւակերպման հետ:

«Միշտ իմացեք, որ հնարավոր չէ որեւէ անձի սեփականության իրավունքից զրկել՝ առանց դատարանի որոշման: Ամեն ինչի հիմքում դա է ընկած: Այս սկզբունքը, բնականաբար, միշտ պահպանվելու է»,- շեշտեց Անանյանը:

Վերադառնանք հարկային կիսամյակի հաշվետվությանը: Մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ 100 կետի շրջանակում նշել էր հարկային եկամուտների ցուցանիշի 63 մլրդ դրամի գերակատարման մասին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հայտարարեց, որ այդ մասով իրենք որևէ մտավախություն չեն տեսնում:

«Մենք պետք է ուղղակի արձանագրենք, որ տարվա համար մեր կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով: Սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Մենք ասում ենք՝ 63 մլրդ-ի մասով չունենք որևէ մտավախություն, եթե բնականաբար տնտեսության զարգացմամբ ապահովվի ՀՆԱ-ի ի սկզբանե ծրագրավորված ծավալները՝ պարզաբանեց Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը նաեւ նշեց, որ տնտեսության աճի առումով էլ իրենք էական խնդիր չեն տեսնում.

«Այսինքն՝ տնտեսությունն իր բնականոն աճով ապահովելու է 6 տրիլիոն 680 մլրդ դրամը: Եթե տնտեսությունը կապահովի 6 տրիլիոն 680 մլրդ դրամը կամ դրա շրջանակներում ՀՆԱ արդյունք, ապա նախապես հանրությանը ներկայացված գերակատարման վերաբերյալ կանխատեսումները, ըստ էության, կիրականանան: Մենք հանրությանը ներկայացրած շուրջ 63 մլրդ-ի գերակատարումը կպահպանենք»,- ասաց պաշտոնյան: 

Այս տարի առաջին կիսամյակի փաստացի հարկային եկամուտները 24.7 տոկոսով ավելի են նախորդ տարվա համեմատ: ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաեւ ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան:

«Ավել է տպվել 56 մլն 409 հազար հատ կտրոն՝ 6 ամսվա կտրվածքով, որով ապահովվել է 145 մլրդ 950 մլն հարկվող շրջանառություն, կամ, եթե վերցնենք, կտրոնների քանակով ունենք ավելի քան 40 տոկոսի աճ եւ, դրանցով հայտարարագրվող շրջանառությունների առումով, ունենք ավելի քան 21 տոկոս աճ»,- ասաց Անանյանը:


Խոսելով ստուգումների մասին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ իրականացվել է 457 ստուգում, ինչի արդյունքում՝ 53 մլրդ դրամի հարկային պարտավորություններ են արձանագրվել:

117 ակտը բողոքարկված է՝ 50 մլրդի մասին է խոսքը, որում մեծ տեսակարար կշիռ են կազմում գազալցակայանների նկատմամբ առաջադրված հարկային պարտավորությունները, որոնք գտնվում են դատական գործընթացում:

320 ստուգում դեռ ընթացքի մեջ է: 568 ընթացիկ ստուգում-ուսումնասիրմամբ էլ բյուջե լրացուցիչ գանձման գումար է առաջադրվել 813.9 մլն դրամ: ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ ընթացիկ հսկողական այս գործառույթների հիմնական նպատակը կանխարգելիչ է եւ ոչ թե լրացուցիչ գումարներ գանձելով բյուջե լցնելը:

Ցուցադրել ավելի
Back to top button