ԿարևորՀասարակություն

Սեւանը՝ BBC-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մինչ պետությունը փորձում է արդյունավետ քայլեր ձեռնարկել  Սեւանի ճահճացումը եւ ջրիմուռների ծաղկումը կանխելու ուղղությամբ, հանրության ու մասնագետների շրջանում պատճառների տարբեր վարկածներ են քննարկվում: Խնդիրը նոր չէ, դեռ թարմ  են հիշողությունները, երբ անցյալ տարի պաշտոնյաներից մեկը կանաչած Սեւանից ջուր էր խմում՝ լճի անվտանգությունը հրապարակայնորեն ապացուցելու համար: Այս պահին դեռ հստակ չէ, թե որքանով է անվտանգ «ծաղկած» Սեւանը, բայց Հայաստանի «կապուտաչյա խորհրդանիշի» թեման արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից:     

Բրիտանական BBC-ն երեկ  անդրադարձել է Սեւանա լճի խնդրին: Կայքում նկարներով ցուցադրվում  է կապուտակ Սեւանի արդեն կանաչած տեսքը, նշվում է ջրիմուռների ծաղկման պատճառով լճի ճահճացման վտանգի մասին: Հոդվածում տարբեր պատճառներ են նշվում՝ Հայաստանի իշխանությունների տարիների անգործու­թյուն կամ հանցավոր գործունեություն, ոռոգման նպատակով լճի անխնա օգտագործում՝ որոշ դեպքերում օրենքով թույլատրելի չափից  ավելի բացթողումներով,  ձկան պաշարների անխնա ոչնչացում եւ թափոնների անվերահսկելի արտանե­տում լիճ:

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը վերջին անգամ երեկ է Սեւանից նմուշառում կատարել: Նոր հետազոտության արդյունքները դեռ պատրաստ չեն: Նախորդ ուսումնասիրություններից, սակայն,  գիտեն՝ լճում ծաղկում է անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռը։ Այս ջրիմուռն, ի դեպ, Սեւանում առաջին անգամ նկատել են նախորդ դարի 40-ականներին: Ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964-ին, տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել է այլ տարիներին, վերջին լայնածավալ ծաղկումը անցյալ տարի էր: Ահազանգող բնապահպաններն ասում են, որ այս տարվա ծաղկումը գերազանցում է նախորդ բոլոր դեպքերը:

Ապացույցն արբանյակներից արված լուսանկարներն են: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը խնդիրը փորձում է ավելի լայն համատեքստում դիտարկել եւ բերում է այս պահին կապտականաչած Բայկալ լճի եւ Սեւ ծովի օրինակները:  Բնապահպանական մի քանի պատճառ է ներկայացնում:

«Գեղարքունիքի կեղտաջրերի եւ կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սեւանա լիճ, նաեւ աղբ՝ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից: Մյուս պատճառը ջրածածկ եղած տարածքներն են, որոնցից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում: Իսկ հիմնական պատճառն այն է, որ Սեւանում կար սառը շերտ՝ հիպոլիմիում, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր:  6 մետր բարձրացումը պետք է բերի այդ սառը շերտի վերականգնմանը, որը կնվազեցնի օրգանական նյութերի աճը »,- ասում է Էրիկ Գրիգորյանը:

Առաջիկայում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կարող է պայմանավորվածություն ձեռք բերել՝ Սեւանա լճին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու հարցի  շուրջ: Արդեն դիմել են Գերմանիայի կառավարությանը: Հայաստանում  ցանկանում են հետազոտություններում ընդգրկել գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտների, որոնք եվրոպական մայրցամաքում նմանատիպ խնդիրներ լուծելու փորձ ունեն: Շրջակա միջավայրի նախարարը հույս ունի, որ այդ աշխատանքների արդյունքում կտրվի հստակ ախտորոշումը եւ պարզ կդառնա, թե ինչ լուծումներ են պետք: Երեկ նախարարությունն արդեն կառավարություն  է ներկայացրել կոյուղաջրերի նոր կայանների կառուցման  հաշվարկներ՝ Սևանի ավազանի 3 խոշոր քաղաքների համար:

Հրատապ լուծումներ պահանջող բնապահպանական խնդիրներից բացի, կան նաեւ հսկայական չարաշահումներ: Շատ է խոսվել, որ Սեւանի ափամերձ տարածքները կոպեկներով վարձակալել են նախկին պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք, մշտապես կասկածներ են եղել, որ ջրի մակարդակը միտումնավոր չի բարձրացվել՝ այդ ամառանոցների եւ հանգստյան տների  «շահերը» հաշվի առնելով: Դեռ մեկ տարի առաջ՝ հուլիսի 18-ին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում Սեւանի հարցով բացահայտումներ պահանջեց:  

«Հատ-հատ նայել վարձակալության պայմանագրերը: Այնտեղ կան մարդիկ, օբյեկտներ, որոնք մեզ եւ ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ու  ծիծաղելի գներով գումարներ վճարել: Այդ տարածքների վարձակալությունը պետք է եկամտի լուրջ աղբյուր դառնա ազգային պարկի համար, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն: Մենք պետք է հասկանանք նաեւ այդ առանձնատների ճակատագիրը: Նրանցից մի մասով, իհարկե, իրավապահ մարմինները կզբաղվեն»,- ասել էր Փաշինյանը:

Իրավապահները խնդիրների մի մասով արդեն զբաղվում են: Դատախազությունում քրեական գործեր են  հարուցվել՝ ջրօգտագործող կազմակերպությունների հանդեպ 2.8 միլիարդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու, ֆիկտիվ պայմանագրեր կնքելով՝ լրացուցիչ ջրառի առաջարկ ներկայացնելու համար: Շրջակա միջավայրի նախարարությունն էլ  իր հերթին է ափամերձ տարածքներին առնչվող ուսումնասիրություններ արել,  եւ դրանք ուղարկել դատախազություն:   

Ցուցադրել ավելի
Back to top button