ԿարևորՄշակույթ

Մովսեսում մարդիկ իրական են. Դարյա Շումակովա

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ես տուն կվերադառնամ» ֆիլմով երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը։ Ֆիլմը Ռուսաստան-Հայաստան համատեղ արտադրության է։ Ծնունդով մովսեսցի, այժմ մոսկվայաբնակ պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի՝ ֆիլմի միջոցով հարազատ Մովսես գյուղին հարգանքի տուրք մատուցելու ցանկությունն  իրականություն է դարձրել ռուս կինոռեժիսոր Դարյա Շումակովան։

Մովսեսում անցկացրած օրերն ու տպավորություններն ամփոփվել են  87 րոպեանոց ֆիլմում, բայց այստեղ լսած մարդկային, հերոսական բազմաթիվ  այլ պատմություններ, ինչպես «Ռադիոլուրին» ռեժիսորն է խոստովանել , ստեղծագործական նոր պոռթկումների առիթ կարող են դառնալ հետագայում։

Դարյա Շումակովայի  «Ես տուն կվերադառնամ» ֆիլմը հայ ընտանիքի պատմություն է։ Հայրը վերադառնում է պատերազմից, բայց նրա որդին չի համակերպվում, որ տանը ևս մեկ հասուն տղամարդ պիտի լինի։ Փոքրիկի ուղեղում հոգեբանական ահռելի հակասություն է հասունանում, որը նրան ստիպում է հեռանալ տնից։ Հերոսի նախատիպը ֆիլմի պրոդյուսեր, ծնունդով մովսեսցի Բենիկ Առաքելյանն է։

Բենիկ Առաքելյանը Տավուշի մարզի Մովսես գյուղից Մոսկվա է տեղափոխվել 1998 թվականին, ութ տարեկանում։ Բայց, ինչպես ասում է, այնպես չէ, որ հեռացել ու մոռացել է։ Մոսկվայաբնակ մովսեսցիներն ամուր համայնք են ստեղծել, որը ապրում, շնչում է հարազատ գյուղի հոգսերով, ուրախություններով։

«Դրսում ապրող մովսեսցիների մտածելակերպն ուրիշ է։ Մեծերն ամեն ինչ անում են, որ երիտասարդներս սիրենք մեր գյուղը, ինչ-որ լավ բան անենք մեր Մովսեսի համար»։

Ինչ-որ մի լավ բանը Բենիկի համար կարող էր արտահայտվել կինոյի լեզվով, քանի որ վաղուց արդեն այդ ոլորտում էր։ Որպես դերասան նկարահանվել էր ռուսական մի շարք ֆիլմերում ՝«Բրեստի ամրոց», «Ձիերով թագուհին» և այլն։ «Ես տուն կվերադառնամ» ֆիլմը նրա առաջին պրոդյուսերական աշխատանքն է՝ ստեղծված «Մովսեսֆիլմ» կինոընկերության կողմից։ Մովսեսին նվիրված ֆիլմի ռեժիսորական աշխատանքը վստահվել է Դարյա Շումակովային։

Դարյան մի քանի օր է ապրել Մովսեսում  և սիրահարվել է։ Ասում է՝ Մովսեսում մարդիկ ուրիշ են, մի տեսակ իրական են։

«Նրանք իրական են, բարի են, բաց  ու անկեղծ են։ Չգիտեմ, մի տեսակ ավելի տաք են, հարազատ, լավատես են, չնայած ավելի մեծ դժվարություններ են հաղթահարում, ամենօրյա պայքարի մեջ են ապրուստի, ընտանիքի գոյատևման, և այս ամենը՝ ամենօրյա կրակոցների, պատերազմի հարատև սպասումի պայմաններում։

Մովսեսում ինձ այնպիսի պատմություններ էին պատմում։ Դրանք իրական պատմություններ են նրանց կողքին ապրող իրական մարդկանց մասին։ Այնքան տպավորված եմ, որ այդ պատմությունները հետագայում ևս տեղ կգտնեն իմ ֆիլմերում։ Ֆիլմը դիտելիս երեկ մի դրվագ հիշեցինք. նկարահանումը սահմանին էր, որտեղից պարզ երևում էր Ադրբեջանը։ Մովսեսցիները երբեք չէին ասում՝ այնտեղ վատ մարդիկ կամ թշնամիներ են ապրում, պարզապես զգուշացնում էին՝ այդտեղ վտանգավոր է, և ամեն անգամ նրանց սիրտը ցավում էր»։

Դարյա Շումակովան մի պատմություն հիշեց: ֆիլմն ավարտելուց որոշ ժամանակ անց Մոսկվայում տաքսի է նստում։ Վարորդը մի պահ հեռախոսով թեժ զրուցում է։ «Թեև որևէ բառ չէի հասկանում, բայց համոզված էի, որ հայերեն է խոսում։ Երբ ավարտեց, հարցրի՝ հա՞յ եք։ Ինքն էլ ոգևորված, թե այո՛, հայ եմ։ Ասացի, որ Հայաստանում ֆիլմ եմ նկարել, պատմեցի ֆիլմի, հերոսի մասին, որը հարազատ գյուղից հեռացել ու իր խնդիրների լուծումն էր փորձում գտնել Ռուսաստանում»։

Ուշադիր լսելուց հետո, պատմում է Դարյան, վարորդը նայեց ուղիղ աչքերիս մեջ ու ասաց՝ ախր էդ ֆիլմն իմ մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button