Հասարակություն

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք է բացահայտվել` տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական էջը։

«Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ից պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար` ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 ՀՀ դրամի արժեքի չափով»,–նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Տեսուչը տեղյակ է եղել, որ ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին։ Հենց այս ամենը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար էլ ՊԵԿ–ի տեսուչը կաշառք է պահանջել։

Ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17.500.000 դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։

Կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button