ԿարևորՀասարակություն

Անմարդկային պայմաններ՝ շների վնասազերծման կենտրոնում. «Լույսի» հերթական ահազանգը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այսօր այցելել են թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ: Այնտեղից խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է կազմակերպության պայմանները և նշել, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից հատկացվել է 149 մլն դրամ: Հրապարակմանը հաջորդել է ՀՈԱԿ-ի և քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի հրատապ ասուլիսը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն  այսօր թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տպավորություններն էր ներկայացնում.

«Նախասրահում տեղադրված է ընդամենը մի քանի վանդակ, որտեղ մեկ վանդակի մեջ խցկված է 4-5 կենդանի: Վիրահատարանի վիճակը խայտառակ է: Սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանող իրավիճակ է: Չկա որևէ սառնարան: Դեղորայքը կեսը՝ հատակին, կեսը սեղանին է լցված: Կարանտինի սենյակ չկա»:

Ավագանու անդամները նաև արձանագրել էին, որ ՀՈԱԿ-ում գոյություն չունի գործողություններն արձանագրելու հատուկ մատյանը: Թե որքան կենդանի որ տարածքից  են ընդունում, ինչ գործողություններ են կատարվում:

Ներկայացվածն իրականությանը չի համապատասխանում. ֆեյսբուքյան այս հեռարձակման պաշտոնական արձագանքն էր։ Հրատապ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը պնդում էր՝ ավագանու ընդդիմադիր անդամները փորձում են վարկաբեկել իրենց աշխատանքը: Կենտրոնը համալրված է ոլորտի լավագույն մասնագետներով և կահավորված  է առաջին անհրաժեշտության պարագաներով։

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն փաստում է՝ այո աշխատանքներն իրականցնում են վատ պայմաններում, սակայն դա ժամանակավոր է.

«Զուգահեռաբար մեր կողմից  սկսվեց վնասազերծման կենտրոնի նախագծման աշխատանքները: Ապրիլի մեկից մեկնարկել ենք: Էսքիզային տարբերակն արդեն պատրաստ է: Նախատեսված են 100 շան համար կացարանային պայմաններ և անասնաբուժական ենթակառուցվածքներ: Նախատեսում ենք առաջին օրերին մրցույթի դնել այս նախագծա նախահաշվային փաստաթուղթը և ձեռնամուխ լինել սրա կյանքի կոչմանը», -ասում է Խաչիկ Հակոբյանը:

Ներկայացված վատ պայմաններն Ագրարային համալսարանում գործող  անասնաբուժական ֆակուլտետի կլինիկայում է: Այս պայմաններում էլ կարողանում են կատարել նախատեսված ծրագրերը: Արդեն այս շաբաթ ծառայություններ ստացած շների թիվը կհատի 1000-ը: Կենտրոնի տնօրեն Արմեն Բեգոյանն առաջնահերթ է համարում թեկուզ նման պայմաններում, սակայն լուծումներ տալ քաղաքացիների ահազագներին:

«Այո՛, քաղաքապետարանը կարող էր սպասել, մինչև շինարարության ավարտը, որպեսզի ավելի լավ պայմաններում կարողանայինք աշխատել: Սակայն ելնելով հրատապությունից և ահազանգերի թվից, չէին կարող սպասել: Մեկ երկու ամիսը նշանակում էր շների 1000-2000-ով ավելացում»,- իր հերթին նշեց  ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Վատթարագույն պայմանները չեն խանգարում արդյունք և որակ ապահովելու համար, պնդում է ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժ Միհրան Լազյանը: Անհրաժեշտ դեղորայքի մի  մասը պահվում է կենտրոնի գրասենյակում,  եւ կենցաղային սառնարանում եւս կարելի է դեղորայքը պահել:

«Նմուշի համար չունենք այնպիսի բարդացում, որ կարող ենք  բարձրաձայնել», -ասում է կենտրոնի գլխավոր անասնաբույժ Միհրան Լազյանը:

Կենտրոնը հայտնաբերել է լեշմանիոզով վարակված բազմաթիվ շների, միջազգային չափորոշիչներին համապատասխան նրանք քնեցվել են։ Այս կերպ նաեւ կանխարգելվել է վարակի տարածումը մարդկանց մոտ։ Աշխատանքներն ամրագրված են հատուկ մատյաններում՝ ասում է գլխավոր անասնաբույժն ու դրանք ցույց տալիս լրագրողներիս։

Ցուցադրել ավելի
Back to top button