Հասարակություն

Գնդեվազցիներն անառիկ են պահելու Ամուլսարը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Օրերս լրացավ Ջերմուկ և Գնդեվազ ազդակիր համայնքների բնակիչների և բնապահպանների կողմից Ամուլսարի պաշտպանության մեկ տարին: Գնդեվազցիները սկզբում համաձայնել, ապա տեսնելով գյուղին հասցված վնասները,   բողոքարկել են Ամուլսարը հանքարդյունահանողների դեմ և անցած տարվա հունիսի 22-ից փակել հանքավայր  տանող ճանապարհը: Նրանք իրենց բողոքն են արտահայտել հանրագրի միջոցով:

ՀՀ  Սահմանդրության 12-րդ հոդվածը շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացման մասին է, որի առաջին կետում գրված է ՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքնով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև,   իսկ 2-րդ կետում՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Գնդեվազցիներն ու ջերմուկցիներն արդեն 1 տարի պատվով  են կատարում սահմանադրորեն իրենց վերապահված պարտավորությունը և փակ են պահում Ամուլսարի ճանապարհը, որը  դիտարկվում է որպես  ոսկու և արծաթի հանքավայր, բայց անտեսում մյուս վտանգավոր հանքանյութերի առկայությունը, որը  զգալի վնաս է հասցնելու  շրջակա միջավայրին: Գնդեվազ գյուղի բնակիչ  Միհրդատ Ներսիսյանն ասում է, որ շահագործումը էկոլոգիական աղետ կլինի  Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համար:

Դրանում մեկ անգամ չէ, որ համոզվել են: «Լիդիան Արմենիայ»-ի շինարարական աշխատանքների հետևանքով գյուղը պարուրվել է ծանր մետաղական  փոշով,  վնասվել է խմելու ջրագիծը.

«Երեք անգամ պայթեցվել է մեր խմելու ջրագիծը և ցեխաջուր էր գալիս: Էդ ժամանակվանից մի շաբաթ մենք փակեցինք դեպի Ամուլսար գնացող ճանապարհը»:

Ճանապարհները մի քանի անգամ փակելուց և նոր կառավարության միջամտությամբ բացելուց հետո նկատել են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեծ թափով աշխատանքներ էր  սկսել, որի պատճառով ամբողջությամբ արգելափակեցին  Լիդիանի մուտքը Ամուլսար.

«Եթե նախկինում շինարարական աշխատանքեր էին կատարում, ապա միանգամից տեղափոխվեցին սարի գագաթը, և փորձեցին սարի գագաթն արդեն բացել: Եթե բացեին՝ աղետ կլիներ: Մենք նորից փակեցինք ճանապարհը»:

Փակեցին, որպեսզի խուսափեն հետագա բարդություններից: «Լիդիան Արմենիա»-ն նախատեսել է հանքավայրը շահագործել Տիգրանես-Արտավազդես միացյալ և Էրատո առանձին բացահանքերով՝ տարեկան 10 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ, որտեղ ոսկին 1 տոննայի մեջ կշռելու է 0.78գ/տ, իսկ արծաթը՝ 9.29 գ/տ:  Ոսկու հանքի շահագործման աննպատակահարմարության մասին է խոսում «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Նազելի Վարդանյանը.

«Միջազգային ստանդարտներում, երբ 2 գրամից պակաս է 1 տոննայի մեջ, չեն մոտենում հանքերին, մեր նման երկրներում 1 գրամից չեն շահագործում, որովհետև արդյունավետ չի: Գնդեվազում ռադոնի քանակը արդեն մի քանի հարյուր անգամ գերազանցում է, մարդիկ թոքերի քաղկեղ են ստանալու»:

Հանքավայրը շահագործելու նպատակով Լիդիանը Գնդեվազ համայքից  մոտ 5 տարի առաջ բարձր արժեքով գնել էր 1200 կտոր հողամաս, որոնք մշակովի այգիներ են եղել: Բնակիչները պատմում են, որ ստիպված էին վաճառել, այլընտրանք չեն ունեցել քանի որ գերակա շահ էր ճանաչվելու:

«Լիդիան Արմենիա»-ին է անցել նաև Գնդեվազի արոտավայրերի մեծ մասը: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ: Ստացվում է, որ նրանք զրկվել են ապրուստի հիմնական միջոցը վաստակելուց: Գնդեվազում ծիրանը հասնում է օգոստոսին և  այգեգործները վաճառում են բարձր գնով: Հանքավայրում շինարարական աշխատանքներ կազմակերպելուց հետո ծիրանի արժեքը ընկել էր:

Ռաֆիկ Եղոյանը նույնպես գնդեվազցի է, հերթապահությամբ հսկում է իրենց համայնքի կողմից Ամուլսար տանող ճանապարհը: Նա  մտահոգված է իր այգիները կորցնելու և երեխաների  հետագա ճակատագրով:  Ասում  է՝ գյուղը զարգացման մեծ հեռանկարներ է ունեցել, ավելացրել էին պտղատու այգիները: Հանքարդյունահանող ընկերության հայտնվելուց հետո ամեն ինչ գլխիվայր շրջվել է:

Գնդեվազցիները կորցրել են նաև արոտավայրերը, հետևաբար պակասել է անասնագլխաքանակը: Գագիկ Գրիգորյանը  գյուղում կաթի վերամշակման արտադրություն ունի, սակայն կաթը ընդունում է ոչ թե Գնդեվազից, այլ  հարևան բնակավայրերից: Արոտների պատճառով վերացրել է  ունեցած 30 գլուխ խոշոր եղջերավոր անասունը:

Անցած տարիներին, երբ Լիդիան Արմենիա ընկերությունը աշխատել է,  Գագիկ Գրիգորյանը  կաթնամթերքի իրացման դժվարություններ  է ունեցել.

«Անցած տարի մածունը, պանիրը, սմետանը տարանք Երևան, ասում էին՝ էս Ամուլսարից է՞, ու խանութները փակվեցին, չվերցրեցին: Իսկ հիմի մենք փակել ենք, Երևանում լավ շուկա ունենք, գիտեն, որ Ամուլսարը չի աշխատում, չի աշխատելու ու ընդհանրապես չի աշխատի»:

Ամուլսարում  Գնդեվազից աշխատել է 93 մարդ, որից 20-ը Լիդիանում, մյուսները՝ կապալառու շինարարական կազմակերպությունում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո նրանք մնալու էին անգործ:  Ամուլսարի հանքավայրի շահագործումը  կռվախնձոր դարձավ գյուղացիների միջև:

Գնդեվազցիները անվերապահորեն դեմ են հանքարդյունահանմանը, նրանք չեղարկել են Ամուլսարի հանքավայրի շահագործաման հետ կապված հանրային լսումները, իսկ հիմա իրենց բողոքն են  արտահայտում  հանրագրի միջոցով:  Ամուլսարի Գնդեվազի ուղղության  հողային ֆոնդն արդեն  վնասվել է, պաշտպանելու են ջրային ֆոնդն ու մթնոլորտը: Հին իշխանություններից տուժեցին, նորից  մեծ ակնկալիքներ ունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button