Մշակույթ

Արմանում. աքքադական սեպագրերից մինչեւ ժամանակակից հնչյուններ

Սաթիկ Իսահակյան
«
Ռադիոլուր»

Նոր ստեղծված,  դեռևս քչերին հայտնի «Արմանում»  էթնիկ նախագիծը շաբաթական 2-3 օր հավաքվում և մշակում է հին մոռացության տրված երգն ու երաժշտությունը:

Երգացանկի հիմքը էթնիկ երաժշտությունն է, նպատակը՝ վերադարձ արմատներ: «Գոհար» նվագախմբի  շեփորահար Հարություն Խաչատրյանի արմատները հասնում են մինչև  Ալեքպոլ ու Մուշ:  Էթնիկ երաժշտությունը նրա արյան մեջ է, դրա  նկատմամբ մեծ սերն ու անսահման ձգողականություն է մղել բանահավաքության: Հարությունն աշխատել է բանահավաքների հետ և  բանասացներից գրառել տարբեր երգեր ու պարեղանակներ:

«Մինչև էս պրոեկտը սկսելը, շատ մեծ է եղել ուսումնասիրելու շրջանը, մոտ երկու տարի եղել է ուսումնասիրություն,  բանահավաքություն: Կան լիքը գործեր, որոնք ուղղակի նոտայագրված են կամ ձայնագրված դիկտոֆոնով»:

Ասում է՝ ժողովրդական բանահյուսությունից պարզել է, որ  նույն երգն ունի տասնյակ կատարումներ։ Բանասացները դրանք ներկայացրել են  տարբեր հնչերանգներով:  Հավաքած արժեքավոր նյութերը պետք է  հղկել, մշակել ու մատուցել, իսկ այդ ամենի համար անհրաժեշտ էին երաժիշտ կատարողներ: Հարությունը գտավ նրանց:

«Խմբում հավաքվել էինք 2018թ հոկտեմբերից: Ծանոթ էի Էդվարդի հետ, Աշոտի հետ, Էդվարդի միջոցով կապվեցինք մյուսների հետ, ստեղծեցինք խումբ, անունը՝ «Արմանում»»:

«Արմանումը» պատահական չի ընտրված։ Աքքադական եւ էլբայական սեպագիր արձանագրություններում է հանդիպում այս երկրի անունը։ Այն գտնվում էր հայկական լեռնաշխարհում, կամ մոտ։ Այսինքն՝ «Արմանումը» Հայաստան երկրի վաղ շրջանի տեղանուններից է։ Եվ այդ անունը կրող էթնիկ նախագիծը մտադիր է նոր կյանք հաղորդել ժողովրդական բանահյուսությանը: Հարությունը բացատրում է.

«Արմանում, քանի որ խումբը հանդես է գալու  էթնիկ ծրագրով, որոշեցինք խորքային անուն մտածել, որը կբնորոշի խմբի գործունեությունը: Արմանումը շումերական արձանագրություններում հիշատակվում է, որպես առաջին հայկական պետություն: Ի դեպ, անունն առաջարկել է բասկիթառիստ Աշոտը»:

Աշոտը մասնագիտական երաժշտական կրթություն չունի, բասկիթառահարն է և նախագծի  ձևավորման օրվանից Հարությունի կողքին է: Երկու կիթառահարներն էլ խմբի ամենաերիտասարդ երաժիշտներն են։ Նրանց ականջին այնքան էլ  ծանոթ չէ էթնիկ երաժշտությունը։Սիրել ու լսել են այն, ինչն ակումբներում մատուցում են դիջեյները:

«Խմբին միացել եմ սկզբից: Իմ մոտիվացիան, բացի նրանից, որ խորապես եմ ուսումնասիրելու հայկական երաժշտությունը, պարզապես փորձել նոր բան և փորձել ուժերս այս ոճի մեջ»:

Բաս կիթառի հնչյուններին հաջորդում է էլեկրտոկիթառինը, Էդվարդը դեռ ուսանող է.

«Սովորում եմ Երևանի էստրադային, ջազային արվեստի  քոլեջում՝ կիթառի բաժնում: Էս էթնիկ երաժշտությունն ինձ համար բացահայտում էր, որովհետև առաջին անգամ եմ նվագում էթնիկ խմբում, գործերին ծանոթ էի, փորձում ենք համատեղել ամեն ինչ»:

Հարցին՝ լեզու գտնում են իրար հետ, տարաձայնություններ չեն ունենում, Էդվարդը ծիծաղեց՝ տարաձայնություններ լինում են,  7 մարդ, 7 տարբեր անհատ, բայց փորձում ենք կոմպրոմիսի գալ, կոնֆլիկտներ դեռ չեն եղել (շարունակում է ծիծաղել):

Խմբում  զուռնայի, դուդուկի, շվիի մեղեդիները զուգակցվում են շեփորի, սաքսոֆոնի, էլեկտրակիթառի, հարվածային գործիքների և դաշնամուրի հետ՝ ֆոլկլորը մատուցում ժամանակի ոգով: Վաչե Փաշինյանը փողային ժողնվագարանների վարպետ է, խմբին միացել է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլից:

«Նվագում եմ դուդուկ, զուռնա, բլուլ, բկու, ինձ հրավիրեց մեր խմբի դաշնակահար Էդգարը Խաչատրյան: Մեր  երաժշտական նախասիրությունները համընկնում են: Աշխատելու ենք երաժշտության հիմքը մաքուր պահել, բայց նորովի մատուցել»:

Էդգարը դաշնակահարն է,  Խաչատուրը՝ սաքսոֆոնահար , Ալբերտը՝ թմբկահար, նրանք ավելի ուշ են միացել նախագծին: Ի դեպ՝ հարվածային գործիքների կատարող Ալբերտ Հովհաննիսյանը նույնպես  Հանրային ռադիոյի երաժշտական սաներից է՝ Երվանդ Երզնկյանի  էստրադային սիմֆոնիկ նվագախմբից:

«Կոնկրետ, երաժշտական խտրականություն ես չեմ դնում, ինձ շատ հոգեհարազատ է հայկական  երաժշտությունը»:

Խումբն ունի նաեւ իր տարբերանշանը։ Հավերժության խորհրդանիշն են ընտրել՝ արեւախաչը, ասում են` այս խաչի 4 թևերը ուղիղ հիմքով  թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի 4 կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունն ու հավերժությունը՝ բացատրում է Հարությունը:

«Հավերժության խորհրդանիշն է, կան  20 հազար տարվա Սյունիքի ժայռապատկերներ, հայտնի հայկական սվաստիկաներ:  Մեծ ինֆորմացիան  քիչ չափաբաժիններով փորձել ենք տեղավորել լոգոյի մեջ»:

 «Արմանումը» նաև մտադիր է գզրոցներից հանել Հայրիկ Մուրադյանի բանահավաք անհայտ գործերը։ Դրանք կներկայացնեն՝ մշակելուց հետո։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button