Քաղաքական

Արմեն Սարգսյանին իր սահմանադրական լիազորությունները բավարարում են

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նախագահին ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։

«Լեռնամետալուրգիայի հայկական հսկան մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, հատկապես մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Կարևոր է, որպեսզի բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաև սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահը նաև ընդգծել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության և զբոսաշրջության համար։

Արմեն Սարգսյանն խոսել է նաև Կապանի օդանավակայանի կարևորության մասին. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ 

Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության համար։ 

«Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթև արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից և բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առևտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Նախագահն այցելել է նաև «Սյունիք ֆուդ» և «Մարիլա» կաթնամթերքի գործարան, զրուցել տնօրինության հետ: «Պետք միջազգային նոր շուկաներ դուրս գալ՝ եկամուտ ապահովելու համար»,- նշել է նա։ Նաև խոստացել է աջակցել նոր շուկաներ ձեռք բերելու հարցում։

Գործարանն այս պահին ունի 80 աշխատակից, միրգը մթերում են Սյունիքից և Արցախից։ Արտադրում են մոտ 40 անուն հյութեր, մուրաբաններ։

Նախագահի հաջորդ կանգառը Քարահունջում էր։

Հանդիպման ժամանակ, որի ձևաչափը հարց ու պատասխանի ձևով էր, Քարահունջի բնակիչներից մեկը նախագահից հետաքրքրվել է՝ արդյոք իր լիազորությունների շրջանակում կարողանո՞ւմ է ինչ որ քայլեր ձեռնարկել և հարմար է զգում այս կարգավիճակում, երբ Սահմանադրությամբ լիազորությունները սահմանափակ են։

Արմեն Սարգսյանը պատասխանել է, որ իր կարծիքով իր լիազորությունների շրջանակներում շատ բան է կարողանում անել՝ հավելելով, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի՝ անհատն է, որ այդ պաշտոնը զբաղեցնելով, ձևավորում է արդյունք.

 «Ես աշխատում եմ սահմանադրության սահմաններում, ոչ դուրս։ Եվ պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել, կարծում եմ, շատ բան կարող եմ անել։ Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք կամ հակառակը ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասել է Սարգսյանը։

 Նախագահը կարծում է, որ ամեն անգամ պետք չի մտածել թե ինչ լծակ ունես՝ կարևորը նպատակին հասնես։ «Իսկ իմ նպատակը շատ պարզ է, որ մեր երկիրը բարգավաճ երկիր լինի, երեխաները ուրախ լինեն, ես իմ ներդրումը ունենամ՝ իմ հնարավորությունների սահմանում»,- ընդգծել է նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button