Քաղաքական

Փոխե՞լ, թե՞ չփոխել. սահմանադրական կոնսենսուս չկա

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Արդյո՞ք Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն: Այս հարցը տարբեր ժամանակներում, մասնավորապես՝ անցած տարվա «թավշյա հեղափոխությունից» հետո քաղաքական օրակարգում հաճախ շոշափվող թեմաներից է:

Ոմանց գնահատմամբ՝ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, ոմանց կարծիքով՝ նոր Սահմանադրություն, ոմանք էլ համոզմունք են հայտնում, որ մինչ այդ հարցերին անդրադառնալը հարկավոր է նախ եղած Սահմանադրությունը հարգել: Այս հարցերի շուրջ կլինի՞ կոնսենսուս, թե  ոչ՝ վաղ է ասելը:   

Հեղափոխության հաղթանակը Հայաստանում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտություն առաջացրեց եւ այստեղ նոր Սահմանադրության ընդունումն էլ առաջնային է: Այս համոզմունքին են Քաղաքական լիգայում: Քաղաքական այս հարթակը, որին անդամակցում են նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, ձեւակերպել է նոր Սահմանադրություն ընդունելու իր օրակարգը:

«Նախեւառաջ՝ գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ: 1995 թ.-ի հուլիսի 5-ին այն ընդունվել է ընտրակեղծիքներով եւ հետագա բոլոր փոփոխությունները նրանում նույնպես կատարվել են ընտրակեղծիքներով», -ասաց Քաղաքական լիգայի անդամ Նարինե Մկրտչյանը՝ հավելելով, որ թավշյա հեղափոխությունը պետք է վերջ դներ եւ շտկեր քաղաքական իրավիճակն այդ առումով:

Այն, որ մեր Սահմանադրությունն ունի շտկման կարիք՝ այդպես է, ասաց ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Նա շեշտեց, սակայն, որ դա չպետք է արվի՝ օրվա քաղաքական կուրսից ելնելով.

«Ես կարծում եմ, Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որ օրվա քաղաքական կուրսից ելնելով չպիտի փոփոխվի»:

Ամեն ինչ պետք է արվի քաղաքական լայն կոնսենսուսի արդյունքում՝ հավելեց Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ այս պահին նման կոնսենսուս չեն տեսնում: Մինչ այդ էլ, պատգամավորի խոսքով, մոտեցումն առաջին հերթին պետք է լինի մեկը՝ հարգել Սահմանադրությունը.

«Ժողովրդավարությունը սկսվում է օրենքների եւ հատկապես երկրի Մայր օրենքի հանդեպ հարգանքից: Այդ հարգանքը չպիտի լինի միայն հուլիսի 5-ին: Սահմանադրությունը մենք պետք է հարգենք ամեն օր: Սահմանադրությունը մենք չպետք է «ձեւենք» այս կամ այն նախագահի, ՍԴ այս կամ այն հնարավոր կամ պոտենցիալ թեկնածուի հագով: Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում ՍԴ-ի շուրջ, ես համարում եմ շատ վատ, շատ անառողջ մթնոլորտ, որը հերթական անգամ մեծ ռիսկ է իր մեջ պարունակում, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչ-ինչ ձեւախեղումների եւ քաղաքական մանիպուլիացիաների արդյունքում, կարող է դառնալ ուղղակի ջնջոց»:

Գործող Սահմանադրությունն իր ոչ լեգիտիմությամբ չի վայելում հասարակական վստահություն եւ հարգանք՝ ասաց Նարինե Մկրտչյանը՝ ներկայացնելով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության իրենց հիմնավորումները: Դրանք Քաղաքական լիգան ներկայացրել է այս տարվա մարտի 23-ին ընդունած հայտարարությամբ:

«Մինչդեռ, Սահմանադրությունը պետք է անառարկելի լեգիտիմ լինի եւ անառարկելի վստահություն վայելի»: 

Նարինե Մկրտչյանի դիտարկմամբ՝ փոխված խորհրդարանական կառավարման համակարգը լուրջ խնդիրներ է առաջացրել Հայաստանի Հանրապետության համար:

«Նախ՝ վարչապետի գերլիազորությունները, որոնք խախտում են իշխանության ճյուղերի հավասարակշռության սկզբունքները եւ առաջ են բերում միանձնյա կառավարման վտանգ: Բացի այդ, հեղափոխության արդյունքում հին քաղաքական համակարգը, ըստ էության, փլուզվել է, իսկ նոր համակարգը չի կարող կառուցվել հին, արատավոր Սահմանադրության հիման վրա: Հեղափոխական իրողությունները նոր իրավահարաբերություններ, նոր մոտեցումներ են պահանջում: Հեղափոխությունը չի կարող պատմական արդյունքներ արձանագրել, եթե նրան չի հաջորդում Սահմանադրության ընդունումը»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն եւս մի քանի դրույթներ տեսնում է Սահմանադրության մեջ, որոնք պիտի փոփոխվեն:

«Եթե նման փոփոխությունների նախաձեռնություն լինի, մենք, բնականաբար, այդ քննակմանը կմասնակցենք»:

Քաղաքական լիգան դիմել էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին՝ կազմակերպելու խորհրդարանական լսումներ նոր Սահմանադրություն ընդունելու նպատակահարմարության, դրա անհրաժեշտության խնդիրները քննարկելու համար: Մեկ ամիս առաջ ստացվել է պատասխան, որ նման լսումներ կազմակերպել չեն կարող՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

Նարինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ դրանից հետո՝ հունիսի 13-ին նույն հարցով դիմել են նաեւ ԱԺ նախագահին: Պատասխան չեն ստացել եւ նախետեսում են քաղաքական պայքարի այլ մեթոդներ ընտրել. եթե մեր առաջարկը շարունակվի հետեւողականորեն անտեսվել՝ եզրափակեց նա:  

Ցուցադրել ավելի
Back to top button