ԿարևորՔաղաքական

Վիետնամի 1000-ամյա համալսարանում Փաշինյանին ընդունեցին ավանդական արարողակարգով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»՝ Հանոյ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության  մայրաքաղաքը Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց հայկական դրոշներով։ Մայրաքաղաք Հանոյի փողոցներում ամենուր կարելի է տեսնել մեր եռագույնը Վիտենամի դրոշի հետ միասին։ Սա պետական արարողակարգ է, նշանակում է՝ երկիրը հյուրընկալել է  հայկական բարձրաստիճան պաշտոնյաների:

Հայաստանի ու  Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկրի ղեկավարների մակարդակով սա երկրորդ այցն է: 2013 թվականից այստեղ գործում է Հայաստանի դեսպանատուն, իսկ Հայաստանում Վիետնամի դիվանագիտական ներկայացուցչություն առայժմ չկա:  

Հայաստանի կառավարության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի առաջին կանգառը Վիետնամի հերոսների հուշարձանն էր, ապա Հո Շի Մինի դամբարանը։ Հո Շի Մինը Հյուսիսային Վիետնամի առաջին նախագահն էր,  Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիրը: 

Ասիական այս երկիրը, ինչպես Հայաստանը, միջնադարյան կրթական հարուստ մշակույթային ավանդույթներ ունի։ Տասնմեկերորդ դարում Վիետնամում հիմնադրվել է առաջին համալսարանը: Այստեղ  կարողացել են սովորել միայն ազնվատոհմ ընտանիքների երեխաները:

Նիկոլ Փաշինյանն այցելեց այս երկրի առաջին համալսարան, որն այժմ Գրականության տաճար է կոչվում և իր մեջ ամփոփում է վիետնամյան միջնադարյան ողջ մշակույթը: Տաճարը կրում է Կոնֆուցիուսի անունը և կառուցվել է Կոնֆուցիուսի հայրենիքում գտնվող չինական Վան Միեու տաճարի նմանությամբ:

Գրականության տաճարը եզակի է նաև որպես վիետնամական ճարտարապետության՝ հազվագյուտ պահպանված նմուշներից մեկը: Հինգ հիմնական մասերից բաղկացած այս համալիրը Հանոյի ամենագեղատեսիլ վայրերից է ու տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին վիետնամական ավանդական արարողակարգերով։

Օրվա երկրորդ հատվածում նախատեսված է Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը վիետնամցի պաշտոնակցի՝ վարչապատ Նգույեն Սուան Ֆուքի հետ, ինչից հետո տեղի կունենան ընդլայնված կազմով բանակցություններ։ Ավարտին վարչապետերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Կստորագրվի նաեւ Հայաստանի ու Վիետնամի կառավարությունների միջեւ կրթության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության համաձայնագիր։

Ցուցադրել ավելի
Back to top button