ԿարևորՀասարակություն

«Սահմանադրությունը պետք է մնա համախմբող առանցք». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է պետական կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

ՀՀ նախագահի ուղերձում շեշտվում է, որ Սահմանադրության 1-ին հոդվածով է հենց որոշված պետության մեր տեսլականը` հռչակելով Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն.

«Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Առհասարակ, սահմանադրական դրույթներում, իրավական բովանդակության հետ մեկտեղ, առկա է նաև փիլիսոփայություն, արժեհամակարգ: Հարգանքը հանրապետության Մայր օրենքի հանդեպ հարգանք է ոչ միայն մեր պետության և պետականության, այլև՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ, մեր և մեր սերունդների հանդեպ, պետության մեր տեսլականի հանդեպ: Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև: Բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները մեր գործողություններով, վարքով և մեր մտածելակերպով»:

ՀՀ նախագահը առաջնահերթ կարևորում է սահմանադրական մշակույթի, սահամանադրական մտածողության ձևավորումը, Սահմանադրության ազնիվ և տրամաբանական մեկնաբանությունն ու կիրառումը: «Նույնիսկ ամենակատարյալ ձևակերպումներ պարունակող Սահմանադրությունը կվերածվի լավագույն դեպքում արժեք չունեցող մի փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի կամ կիրառվի»,-նշված է ուղերձում:

Ուղերձում նաև ասվում է, որ Սահմանադրությունը նաև ժամանակի մարտահրավերների ու հրամայականների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Սահմանադրության ցանկացած վերափոխում, փոփոխություն, կատարելագործում կամ էվոլյուցիոն մեկնաբանություն պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա և բխի իրավունքի ընդհանուր սկզբունքներից՝ դրանով իսկ նպաստելով մեր պետության արագ, անցնցում, բնականոն, կայուն և շարունակական զարգացմանը.

«Բոլոր ժամանակներում Սահմանադրությունը պետք է մնա համախմբող առանցք մեր հասարակության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների համար: Միայն Սահմանադրությամբ լիարժեքորեն ապրող երկիրը, Սահմանադրությունը հարգող իշխանություն և հասարակություն ունեցող պետությունը կարող է զարգանալ և հաստատուն տեղ զբաղեցնել օրեցօր ավելի բարդ ու փոփոխություններով ապրող աշխարհում»:

Ցուցադրել ավելի
Back to top button