ԿարևորՀասարակություն

Ո՞ր մասնավոր ընկերությունն է ապահովելու բանակի սննդամատակարարումը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

2019-ի փետրվարին կառավարությունը որոշեց փոփոխություն մտցնել ԶՈւ սննդի մատակարարման գործընթացում։ Փորձնական ծրագրի շրջանակում հանրապետության  24 զորամասում սննդի մատակարարմամբ կզբաղվի մասնավոր ընկերությունը։

Ծրագիրն արդեն կիրառվում է մի քանի զորամասում։

Արագածոտնի մարզի թիվ N զորամասում արդեն մեկ շաբաթ է զինծառայողների սննդի մատակարարմամբ զբաղվում է մասնավոր ընկերությունը։ Ճաշացանկը գնահատելու խնդրանքով դիմում ենք նախ զինվորներին, որոնք ընդամենը մի քանի օր առաջ են զորակոչվել բանակ.

«Ամեն ինչ շատ որակով է և համեղ»,- ասացին։

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վահե Հակոբյանը ևս նորամուծությունից  գոհ է։ Եվ իրենց հոգսն է թեթևացել, և տեսականին է ավելի համեղ ու բազմազան դարձել։ Ասում է՝ ի վերջո, պարզ ճշմարտություն գոյություն ունի՝ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։

«Մեր զորամասում արդեն մեկ շաբաթ է սննդի մատակարարումը մասնավոր ընկերություն է իրականացնում։ Սննդի որակից դժգոհ չենք, ավելին`ճաշացանկում փոփոխություններ են արվել`աղցանների, միրգ-բանջարեղենի տեսականին է ավելացել։ Դժգոհ չենք սննդի ու պատրաստման որակից։ Բոլոր զարգացած երկրներում սա կիրառվում է»,- ասաց Հակոբյանը։

Նորամուծությունը զորամասի հրամանատարությանն ազատում է գնումների, սննդի պահպանման, պահեստավորման հոգսից, բայց չի ազատում  սննդի որակը  վերահսկելու պատասխանատվությունից։ Ամեն ինչ, ինչպես ասում են, զինվորական ճշտապահ հայացքի ներքո է:

Հրամանատարը նշեց, որ ճաշարանում սպասք լվանալու, բանջարեղեն կտրտելու գործը  նախկինում ոչ թե զինվորները, այլ հատուկ աշխատակիցներ են արել։ Փորձնական ծրագրի շրջանակում նրանք  շարունակելու են իրենց աշխատանքը։

Դա պայմանագրի պահանջն է։ Պայմանագրի մյուս պահանջներին ու ծրագրի բոլոր մանրամասներին «Մեդիտեք» ընկերության տնօրեն և հիմնադիր Անուշավան Խաչատրյանն է ծանոթացնում։ Գաղափարի հեղինակն ու իրականացնողը հենց նրա ղեկավարած ընկերությունն է։

«Ծրագիրը մենք ենք ներկայացրել վարչապետին, և այն հավանություն է ստացել։ 24 զորամասում պետք է իրականացնենք մեր ծրագիրը, առայժմ 4–ում ենք իրականացնում։ Քննարկումներ ենք ունեցել ոլորտի այլ ընկերությունների հետ, որոնք հետագայում կընդգրկվեն այս ծրագրում»,- ասաց Անուշավան Խաչատրյանը։

«Մեդիտեք» ընկերության հետ 3 տարով պայմանագիր է կնքվել, ըստ որի` հնարավորինս կարճ  ժամկետում պետք է բարելավվեն զորամասերում տրամադրվող սննդի որակը, վերանորոգեն ճաշարանները։  Ընկերության տնօրենի խոսքով, այն զորամասերը, որտեղ ճաշարանների վիճակն այնքան էլ լավ չէ, 3-4 ամիս դեռ կշարունակեն հին շենքերում աշխատել, իսկ այդ ընթացքում նոր շենքեր կկառուցվեն։

«Կարող եմ օրինակ բերել այս շենքը»,- ասաց ընկերության տնօրենը:

«Պաշտպանության նախարարությունը  յուրաքանչյուր զինվորի համար մեզ վճարում է որոշակի գումար։ Սակայն մենք էլ մեր կողմից ավելի քան 1.5 միլիարդ դրամ գումար ենք ներդնելու ծրագրի իրականացման համար։ Ծրագրից իմ առաջին օգուտն այն է, որ նախ իմ բարեկամը, քրոջս տղան է ծառայում բանակում, հետո սա ապագայում շուկայում է պետք գալու մեր ընկերությանը։ Ուզում ենք McDonald’s-ի համակարգով աշխատել, որպեսզի  բոլոր զորամասերն ունենան նույն որակի սնունդը` նույն չափաբաժիններով»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ պայմանագրի`«Մեդիտեք» ընկերությունը  պարտավորվում է զորքին տալ առողջ, որակյալ, հիգիենիկ պայմաններին համապատասխան սնունդ` օգտագործելով հայաստանյան սննդամթերքը։  Ջրի խնդիր ունեցող զորամասերում  մեկանգամյա օգտագործման սպասք կկիրառեն։ Մասնավոր ընկերությունը կզբաղվի նաև մարտական դիրքերի սննդի մատակարարմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button