ԿարևորՀասարակություն

Ո՞րն է Սևանա լճի ափին կենդանիների անկման պատճառը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սոցցանցերում տարածվել են նկարներ, որոնցում  սատկած կովեր են՝ Սևանա լճի ափին: Նկարի հեղինակը գրել է, որ կենդանիների անկումը եղել է լճից ջուր խմելուց հետո:  «Ռադիոլուրը» գնացել է արտառոց  դեպքի հետքերով:

Զոլաքար համայնքում` Սևանա լճի ափին, վիզը կտրած և փքված կովերի նկարները ողողել են համացանցը: Սատկած անասունները զոլաքարցի Արամ Սևոյանինն են:  Առավոտյան նախրապանի հետ ուղարկել է արածելու, երեկոյան` ժամը 7-ին, զանգով իմացել, որ կովը փքվել է ու չի շարժվում:

«Չէր սատկել, ուղղակի ընկած էր կովը: Արդեն սատկելու վրա էր: 4 անասուն էլ  ուռած ընկած էր: Ասում են՝ լճի ջրից էր: Ծովի ջուրը նկարեցի, որովհետև ուզում էի լվացվել, գնացի մոտ համ շատ տհաճ հոտ էր գալիս, համ էլ  շատ մամռակալած էր», -ասում է Արամ Սևոյանը:

Կենդանուն խեղդվելու ժամանակ հասցրել են մորթել, այժմ միսը պահում են և սպասում  համապատասխան զննություն անցկացնելուն: Նախկինում նախրապան աշխատած ժորա Մարտոյանի քրոջ անասուններն էլ  են այդ նույն տարածքում  արածելու ընթացքում փքվել ու սկսել շնչահեղձ լինել:  

«Մի 10 րոպե փորձեցինք օգնություն ցույց տալ: Բժիշկ էլ էինք տարել: Բայց ոչ մի արդյունք: Լեզուն հանած շնչահեղձ էր լինում: Անասնաբույժն էլ ասաց, որ թունավորված է»: 

Ըստ Ժորա Մարտոյանի՝ մորթելուց հետո կենդանու օրգանները նորմալ են եղել, ոչ մի բան չի հայտնաբերվել:  

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Անուշ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ  դեպքերն իրենց վերահսկողության ներքո են: Եղել է 4 կենդանու անկում, անասնաբույժների ջանքերով  մոտ 80 գլուխ փրկվել է:

«Անասնաբույժներն այժմ այդ խնդրով զբաղվում են: Մենք լաբորատոր  մասնագետներ ենք ուղարկել, որ հասկանանք, թե ինչից է: Իրականում  ենթադրություն կա, որ կերել են թաց, նորածիլ  արտույտ, ինչն էլ բերել է նաև անկման, բայց վստահաբար պնդել հնարավոր չէ, մինչև չլինեն փորձաքննություն արդյունքները»:  

Գյուղացիները պնդում են, որ թունավորումը  լճի ջրից  է:

«Այս պահին այդ վարկածը չի շրջանառվում, բայց  դա էլ բացառել պետք չէ: Ամեն դեպքում պետք է սպասել արդյունքներին»,- ասում է Անուշ Հարությունյանը:  

Լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի կլինեն հաջորդ շաբաթվա մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button