ԿարևորՀասարակություն

Գրիգոր Չուբարյան. Հայաստանի առաջին եւ խորհրդային հանրապետությունների առաջին իրավաբանը

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մեր երկրի գլխավոր փաստաթուղթն այսօր տոնում է իր 24-ամյակը: 1995-ի ճիշտ այս օրը Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի։ Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը: Հետո արդեն ամեն 10-ը տարին մեկ՝ 2005-ին ու 2015-ին Մայր օրենքում փոփոխություններ կատարվեցին:

Առաջին Հանրապետությունն այդպես էլ չհասցրեց Սահմանադրություն ունենալ, բայց դրա վրա աշխատանքներ սկսվել էին դեռ 1919-ին` հայտնի իրավաբան Գրիգոր Չուբարյանի գլխավորությամբ: Հենց նա էր, որ հետագայում՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1920-24 թվականներին աշխատեց երկրի Մայր օրենքի ու մի շարք այլ օրինագծերի վրա:

Իրավաբանի թոռը՝ գեղանկարիչ  եւ հասարակական ակտիվ գործիչ Անուշ Չուբարյանն է  պատմում Հայաստանի՝ այս շրջանում օրինաստեղծ աշխատանքի մասին։

-Ինչպե՞ս եղավ, որ հենց Գրիգոր Չուբարյանին վստահվեց այդ գործը: Ինչպե՞ս ընտրեցին նրան:

-Պատմությունը պետք է սկսել Առաջին Հանրապետության օրերից, երբ Գրիգոր Չուբարյանը Սիմոն Վրացյանի հրավերով եկավ Հայաստան: Դարձավ խորհրդարանի առաջին պատգամավորներից մեկը, դաշնակցական չէր: Առաջին խորհրդարանում օրենքների մշակաման խմորումներ արդեն գնում էին, բայց շուտով հաստատվեցին խորհրդային կարգերը: Ու այդ ժամանակ պապիկիս առաջ կար ընտրություն՝ լքել Հայաստանը կամ մնալ ու նա նախընտրեց մնալ այն Հայաստանում, որը դեռ օրենքներ չուներ ու որը պետք էր կառուցել:

— Խորհրդային կարգերի հաստատումից հետո գաղտնիք չէ, որ հրամանները գալիս էին ուղիղ Մոսկվայից: Ի՞նչ փաստաթուղթ էր դա եւ արդյո՞ք Մոսկվայից ուղարկված Սահմանադրության թարգմանությունը չէր լոկ:

— Այդ ժամանակ ոչինչ չէր հրահանգավորվում, որովհետև երկիրն այնքան խառն էր եւ այնքան բազմամաս, որ բոլոր հանրապետություններն ինքնուրույն էին, այդ ժամանակ Մոսկվայից այդ դիկտատը չկար: Եվ Հայաստանի Սահմանադրությունը էականորեն տարբերվում էր Մոսկվայի դրույթներից, մարդու իրավունքները պաշտպանող Սահմանադրություն էր: Բայց պետք է ասեմ, որ ինչքան էլ լավը լինի Սահմանադրությունը, եթե այն չի գործում՝ մեռած է: Պետք է հասարակությունը հետևի, որ իր Սահմանադրությունը գործի:

-Այսօր գործո՞ւմ է մեր Սահմանադրությունը, տո՞ն է այսօր:

— Ինձ համար այսօրը տոն է: Երբ հասարակությունը հասկանա, որ այսօրն իր ամենակարևոր տոներից է, ես կասեմ, որ Սահմանադրությունն իսկապես աշխատեց:

Իրավաբան Գրիգոր Չուբարյանը ստալինյան բռնությունների զոհերից է։ 1937- ին նրան ձերբակալել էին Նալբանդյան 104 հասցեում գտնվող իր տնից եւ տեղափոխել նույն Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՊԱԿի մեկուսարան։ Նրա կինը՝ Մարթան, իրենց տնից մինչեւ ՊԱԿի շենքն ընկած հատվածի անունը դրել էր Գողգոթայի ճանապարհ։

Սիբիր աքսորված իրավաբանը հայրենիք է վերադառնում տարիներ հետո որդու՝ քանդակագործ Ղուկաս Չուբարի հորդորով։ Սիբիրից տուն վերադարձած Գրիգոր Չուբարյանը արգելում է իր տոհմում որեւէ մեկին իրավաբան դառնալ՝ ասելով թե այն երկրում, որտեղ մարդու իրավունքները չեն հարգվում, իրավաբանն անելիք չունի:

Ցուցադրել ավելի
Back to top button