ԿարևորՔաղաքական

Ավելի դինամիկ հարաբերությունների սկիզբ. Փաշինյանը՝ Վիետնամ այցի մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»-Վիետնամ

Հանոյի նեղ փողոցներում մոտոցիկլետներն ու հեծանիվները շատ են, մեքենաները՝ նույնպես, բայց իրար չեն խանգարում: Մայթերին անսովոր տեսարան է.  մի կողմում կերակուր են պատրաստում, մյուսում՝ մեծ ամանների մեջ լվանում ափսեները:

Վիետնամի մայրաքաղաքի  փողոցներում դեռ  երկու օր էլ կծածանվի հայկական եռագույնը, ինչը հանոյցիներին կհիշեցնի, որ Հայաստանի  պատվիրակության այցը շարունակվում է:

Այցելության առաջին օրը Հայաստանի ու Վիետնամի վարչապետերն ամփոփեցին  հայտարարություններով:

Հայ-վիետնամական տնտեսական օրակարգի հեռանկարների մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Վիետնամի կառավարությունում՝ իր պաշտոնակցի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

«Պայմանավորվել ենք հոկտեմբերին անցկացնել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի նիստ, զուգահեռ տեղի կունենա նաև  հայ-վիետնամական բիզնես ֆորում, որին  կմասնակցեն ոչ միայն պաշտոնյաներ, այլ նաև գործարարներ: Նրանք Երևանում գործընկերներ կգտնեն»,-ասաց Հայաստանի վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը բանակցությունները հագեցած ու կառուցողական որակեց: Տեղեկացրեց, որ  կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, կառուցողական մթնոլորտում քննարկել են  քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները:

«Իմ այցը մեր երկրների միջև նոր, ավելի դինամիկ և ինտենսիվ հարաբերություններիստեղծման սկիզբն է: Կարծում եմ, որ  ունենք մեր բանակցությունների արդյունքներից բավարարված լինելու բոլոր հիմքերը: Դրանք հաստատեցին մեր երկրների ձգտումը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, նախանշեցին հետագա փոխգործակցության ուղիները», — հայտարարեց Փաշինյանը:


Հայաստանը  ձգտում է  դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական համագործակցությունը: Վիետնամը, ըստ վարչապետի, Հայաստանի համար կարևոր գործընկեր է Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

«Մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով, մակրոտնտեսական ցուցանիշներով, տարածաշրջանային և  համաշխարհային տնտեսության ինտեգրման մակարդակով: Վիետնամը լուրջ տնտեսություն ունեցող երկիր է, որի հետ համագործակցությամբ հետաքրքրված են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրները»:

Հայաստանն իր հերթին,  ըստ վարչապետի, Վիետնամի համար կարևոր հարթակ է ու կարող է կամուրջ դառնալ դեպի Եվրոպական միություն, ԱՊՀ, Վրաստան, Իրան և Մերձավոր Արևելքի երկրներ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում վճռական միջոցառումների արդյունքում մենք կարողացանք որակապես փոխել մեր երկրի տնտեսական և, մասնավորապես, ներդրումային միջավայրը: Հայաստանում այսօր արտասահմանյան ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չկան: Ստեղծվել են բարենպաստ պայմաններ գործարարության համար: Ստեղծվել են նաև բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմները պետության կողմից օտարերկրյա ներդրողների սեփականությունը պաշտպանելու և նրանց գործունեությունը խթանելու համար»:

Վարչապետը հայտարարեց, որ բանակցությունների ընթացքում  հաստատվել է ԵԱՏՄ-Վիետնամ ձևաչափով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Նրա խոսքով՝  պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը լիովին ծառայի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների շրջանակում համագործակցությանը՝ հաստատելով միմյանց շահերը հարգելու երկու երկրների պատրաստակամությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button