ԿարևորՀասարակություն

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կվերաբերի 100.000 աշխատողի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը ֆորմալ առումով ոչ թե կառավարությանը, այլ Ազգային ժողովինն է։ Խորհրդարանում եղել է օրենքի նախագիծ, որին կառավարությունը դրական եզրակացություն է տվել՝ անդրադառնալով նվազագույն աշխատավարձերի բարձրացմանը՝ այսօր ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նախաձեռնության արդյունքում շուրջ 100.000 աշխատողների աշխատավարձ կբարձրանա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը հայտնել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում։ Օրինագծի ընդունման դեպքում հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55-ից կդառնա 68 հազար դրամ։

Թե որքանով կբարձրանա նվազագույն աշխատավարձը, աշնանային նստաշրջանից հետո պարզ կդառնա: Բայց որ ԱԺ և կառավարության համատեղ նախաձեռնությունը միտված է սոցիալական արդարության ապահովմանը, ոչ խորհրդարանում, ոչ էլ կառավարությունում կասկած չունեն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առավել հավանական է համարում 55000-ը բարձրացնել 63 հազարի։ Այժմ շրջանառվող 68 000 դարձնելու դեպքում կբարձրանան բազային ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը:

«ԱԺ կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ կառավարությունը տվել է դրական եզրակացություն և արել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը դառնա ոչ թե 63.000 դրամ, այլ 68.000 դրամ: Գնդակը հիմա ԱԺ դաշտում է: 63.000-ը կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելը՝ կքննարկենք: Որպեսզի չազդենք բազային աշխատավարձի վրա, նվազագույն աշխատավարձը ֆիքսել ենք 63000, բայց եթե կառավարությունն առաջարկում է 68 000 ու նաև մեխանիզմ կառաջարկի, որով բազային աշխատավարձը կմնա անփոփոխ, ինչպես նաև դրա ազդեցությունը բիզնես հատվածի վրա, մենք մեծ հաճույքով կընդունենք 68000 դրամը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ համաձայնեց, որ իրենց նպատակը նվազագույն աշխատավարձի շեմը, ոչ թե սեփական աշխատավարձերի բարձրացումն է:

«Մեր խնդիրը նվազագույն, և ոչ թե իմ կամ պարոն Թունյանի աշխատավարձը բարձրացնելն է»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ողջունում է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու կառավարության ու ԱԺ նախաձեռնությունը: Նկատում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, չնայած տնտեսության առաջընթացին, աշխատավարձերն անփոփոխ են մնացել:

Ինչ վերաբերում է բազային աշխատավարձին, ապա տնտեսագետը դրա բարձրացման մեջ որևէ խնդիր չի տեսնում, առավել ևս, երբ տեղի են ունենում օպտիմալացում, կրճատումներ: Պետական պաշտոնյաներն էլ քաղաքացի են ու խնդիր չկա, եթե նրանց աշխատավարձն էլ բարձրանա: Կարևորը՝ դրա հետ զուգահեռ աշխատանքի որակն էլ բարձրանա՝ ասում է.

«Չեմ կարծում, որ ձեր աշխատավարձը բարձրանալուց պետք է վատ զգալ, դա նորմալ է: Մեզ՝ քաղաքացիներիս, ուրիշ բան է հետաքրքրում: Կարևորը ձեր աշխատանքի որակը բարձրանա»:  

Վահագն Խաչատրյանին ավելի շատ հետաքրքրում է, թե բյուջեի վրա ինչ բեռ է լինելու, տնտեսական կյանքի վրա ինչ ազդեցություն է ունենալու: Կարծում է, որ պետք է օգտագործել այս հնարավորությունը  տնտեսության մեջ աշխուժություն մտցնելու համար, վստահ է արդյունքները դրական են լինելու:

Ցուցադրել ավելի
Back to top button