ԼուրերԿարևորՔաղաքական

Մեկ ամսից Երևանն ամբողջությամբ գծանշված կլինի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է բնակելի տարածքներում երթևեկության սահմանված  արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ-ի: Քաղաքապետը  կարծում է, որ արագության նվազեցումը չի խոչընդոտի երթեւեկությանը և անվտանգության լրացուցիչ երաշխքիներ կստեղծի: Վարորդները, սակայն,  այլ կարծիքի են: Ըստ նրանց՝ անվտանգ երթևեկության համար պետք է ընդամենը պատշաճ վերահսկողություն  և կատարվեն համապատասխան գծանշումներ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` մայրաքաղաքում երթևեկության արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ դարձնելու առաջարկը ոչ միանշանակ ընդունվեց երթևեկության մասնակիցների կողմից: Շատ վարորդներ իրենց դժգոհությունը հայտնեցին՝  նշելով, որ առանց այն էլ խցանումները այնքան շատ են, որ այսպես թե այնպես ավելի դանդաղ են երթևեկում, քան 50 կմ/ժ-ն է:

Կար նաև կարծիք, որ եթե նույնիսկ թույլատրելի արագությունը  10 կմ/ժ է, բայց  չկա համապատասխան հսկողություն և բացակայում են ճանապարհի գծանշումները, պատահարները ոչ միայն չեն նվազի, այլև կավելանան: Նախաձեռնությունը չեն ողջունում նաև «Վարորդի ընկեր» գրասենյակում: Թե ինչ հիմնավորմամբ, հրաժարվեցին պատասխանել:

Երթևեկության մասնակիցները որպես պատահարների պատճառ առանձնացնում են նաև  գծանշումների բացակայությունը: Թե ինչու են մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներում բացակայում գծանշումները, փորձեցինք պարզել հենց Ճանապարհային ոստիկանությունից: ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ճանապարհներն այս պահին արդեն իսկ գծանշվում են, և մինչև ամսվա վերջ կունենանք լիարժեք գծանշված փողոցներ:

Իսկ արագությունը նվազեցնելու մասին քաղաքապետի առաջարկը դեռ քննարկման փուլում է: Արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ: Դե իսկ քաղաքապետը  համոզված է, որ  Երևանը բավականին վտանգավոր է հետիոտնի և վարորդի համար:  2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 23.3%-ով՝ 343 դեպքից հասնելով 423-ի: Ընթացիկ տարվա ընդամենը 4 ամսում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button