ԿարևորՔաղաքական

«Ինֆորմացիա կրողները» չեն համագործակցի Քննիչ հանձնաժողովի հետ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հունիսի 4-ին առաջին նիստը գումարեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն  ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այն ձեւավորվեց  երկարատեւ քննարկումներից հետո՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պահանջով:

11 պատգամավոր փորձելու է գտնել ապրիլյան պատերազմի հետ կապված այն հարցերը, որոնք մինչ այսօր պատասխան չեն ստացել: Քննելու են ապրիլյանի օրերին ԶՈՒ մարտական պատրաստվածությունը, հրամանատարական կազմի կայացրած որոշումների համարժեքությունը, հրավիրելու են նախկին եւ ներկա զինվորականների ու պաշտոնյաների:

Մի քանի նիստ արդեն եղել է, դռնփակ աշխատանքները չեն ապահովելու գաղտնիություն: Աշխատանքային 6 ամիսների ընթացքում նախատեսվում են փուլային զեկույցներ:

Հանրապետական կուսակցության անդամները ապրիլյան քննիչ հանձնաժողով գնալու եւ իմացածն այնտեղ պատմելու համար նախապայմաններ ունեն: Արդյո՞ք Սերժ Սարգսյանն արդեն ստացել է հրավեր եւ ստանալու դեպքում ինչպես կհամագործակցի Քննիչ հանձնաժողովի հետ՝ հարցերն անպատասխան է թողնում կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Հիմնավորմամբ՝ ժամանակը կգա՝ կպատասխանեն:   

Աշխատանքի հենց սկզբից քննիչ հանձնաժողովի անդամները պատրաստ էին իրադարձությունների այնպիսի զարգացման, որ կլինեն հանձնաժողովի հրավերը մերժողներ եւ հանդիպումներից հրաժարվողներ:

«Հանձնաժողովը կգնահատի հրաժարվելու պատճառները: Այսինքն՝ իրենք չեն ուզում, որպեսզի մենք մոտենանք ինչ որ բացահայտումների, եթե դրանք կա՞ն: Թե՞ հենց սկզբից մերժում են, որ ինչ որ բան այն չէ: Եթե ինչ որ բան այն չէ, ես ուզում եմ հասկանամ՝ 100-ից ավելի մենք զոհ ենք ունեցել, այդտեղ մեղավորներ չկա՞ն ոնց որ»,- ասում է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  

Անգամ Հանրապետությունից դուրս գտնվելը եւ կապի վատ որակը չեն խանգարում Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին հիմնավորելու ունեցած նախապայմանը: Հանրապետականները սպասում են, որ Քննիչ հանձնաժողովի առաջին հրավիրյալը պետք է լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլյանից անմիջապես հետո հայտարարել էր, թե իրադարձությունները Ռուսաստանի լուռ համաձայնությամբ էին՝ Ադրբեջանին ԵԱՏՄ անդամ դարձնելու համար:

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն  ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին վստահելու համար նախապայմաններ ունեն նաեւ «Սասնա Ծռեր» կուսակցությունում: Պայմանավորված պատերազմի հետ կապված կասկածները նաեւ նրանց օրակարգում են:

 «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյան.

— Ապրիլին տեղի է ունեցել պայմանավորված պատերազմ եւ այդ դավադիր պատերազմի շարունակությունը եղել է եւ Սերժ Սարգսյանը փորձել է նոր տարածքներ հանձնել, ինչը եւ կանխվել է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելով:

— Կա՞ն փաստեր, որոնք կարելի է ներկայացնել հանձնաժողովին:

— Իհարկե, կարծում եմ անգամ ներկայացնել պետք չէ, այդ փաստերը հրապարակված են: Հենց այն նույն օրը, երբ «Սասնա ծռեր»-ը մտավ ՊՊԾ գունդ Սերժ Սարգսյանը գտնվում էր Արցախում եւ տեղի առաջնորդներին համոզում կամ հրահանգում էր, որ իրենք պետք է տարածքներ հանձնեն: Նաեւ պետք է հղում կատարենք Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին ռուսական ԶԼՄ-ներից մեկին, որտեղ ակնհայտ հայտարարել է, որ գնացել է բանակցությունների՝ 7 շրջանները հանձնելու: Մի շարք մարդիկ դրա մասին խոսեցին, այսինքն, գաղտնիք չկա այստեղ:

Այս կուսակցության անդամները ակնկալում էին, որ Քննիչ հանձնաժողովը կձեւավորվի ավելի լայն ձեւաչափով, պատրաստ էին այնտեղ գործուղել Ժիրայր Սեֆիլյանին՝ հանձնաժողովի կատարած աշխատանքի հանդեպ վստահությունը ավելացնելու համար.

«Կա համոզմունք, որ հանձնաժողովը կքննի կոռուպցիոն խնդիրները, վառելիքի հետ կապված խնդիրները, որոշ դեպքերում նաեւ զինամթերքի հետ կապված խնդիրները կամ որոշ հրամանների կատարումը-չկատարումը: Բայց համապարփակ քննություն, որի արդյունքում կպարզվի, որ ապրիլյան պատերազմը եղել է դավադիր եւ պայմանավորված, կան լուրջ կասկածներ, որ հանձնաժողովը դա կանի: Մենք տեսնում ենք, որ հանձնաժողովը գնում է ավելի կոռուպցիոն խնդիրները բացահայտելու ուղղությամբ»:

Նախատեսված է, որ քննիչ հանձնաժողովը փորձելու է գտնել այն հարցերի պատասխանները, որոնք մինչեւ այժմ չեն տրվել: Անդրանիկ Քոչարյանը չի բացառել, որ օրակարագային հարց կարող է դառնալ հասարակության որոշ հատվածում առկա կասկածները:

« Շատ է հնչել, որ պայմանավորված ինչ որ գործողություններ են, բա այս հարցերի պատասխանը ո՞վ պետք է գտներ»:

«Գիտակցել են խնդիրները եւ լուծել ժամանակին, անպատասխան հարցերը քաղաքական շահարկումների դաշտում են մնացել»,- կարծում է Շարմազանովը: Իր, մեր, եւ հանձնաժողովի՝ բանակից հեռու անդամների աշխատանքն ու քննարկումները «դիլետանտիզմ» է համարում: Բայց հրաժարվում է գնահատել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ անորակ վառելիքի մասին Աժ-ում արված հայտարարությունը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ակտիվ համագործակցել Քննիչ հանձնաժողովի հետ: Արդեն հաստատել է՝  նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ արված մասնագիտական վերլուծությունները, որոնք փակ էին հանրության համար, կտրամադրվի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին:

Ցուցադրել ավելի
Back to top button