Հասարակություն

Արամի 23. հայտնի մասնակիցներով անհայտ հավասարում

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

6 ամիս առաջ փլվեցին Արամի 23 շենքի պատն ու առաստաղը: Մինչև այսօր շենքի փլված պատն իր կարգավիճակը չի փոխել, իսկ այնտեղ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս ընթացքում  մի քանի հասցե է  փոխել՝ նորից տուն վերադառնալու հույսով:

Արամի 23-ն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը նորից  օրակարգում են: 1880-ականներին կառուցված և պատմամշակութային հուշարձան հանդիսացող երկհարկանի շենքի շուրջ խնդիրներն արդեն մեկ տարի լուծում չեն գտնում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Երևանի քաղաքապետարան ու «Ի Էմ Սի» ընկերություն եռյակում կողմերը միմյանց են մեղադրում:  Մեկն ասում է, թե հնարավոր ամեն բան արված է, մյուսը  խոսում է  չարված քայլերի  մասին:

«Տուն ու տեղից», սեփական տանիքից զրկված  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը երկու հիմնական խնդիր է նշում.

«Առաջինը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անորոշությունն է, երկրորդը՝ Արամի 23 շենքն ու հարակից միջավայրը, որոնք վտանգված են»:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը անհանգստության վեկտորն ուղղում է նախ քաղաքապետարանի, հետո՝ կառուցապատողի ուղղությամբ: Քաղաքապետարանից պատասխանում են ու իրենց խոսքով՝  կրկնում նորից ու նորից. քաղաքապետարանը Արամի 23-ի պահպանման, կառուցապատման կամ ամրակայման հարցում իրավական որևէ պարտավորություն չունի:

Իր իրավասությունների մեջ տեղավորվող բոլոր գործողությունները քաղաքապետարանն արդեն կատարել է՝ ասում է կառույցի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանն այս հարցում   միջնորդ  է, ոչ թե  խաղացող կողմ.

«Քաղաքի գործող իշխանությունը՝ ի դեմս գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, իշխանությունը ստանձնելու առաջին իսկ օրվանից այս շինության վերաբերյալ հայտարարել է իր դիրքորոշումը՝ շենքը չի ապամոնտաժվելու»:

Պատմության երրորդ կողմին լսելու համար գնացի շինհրապարակ: Աշխատող բանվորները տեղեկություններ չունեին «Ի Էմ Սի» ընկերության պատասխանատուներից, «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ից փոխանցեցին, որ կառուցապատողի հետ շփվել են քաղաքապետարանի միջոցով, քաղաքապետարանից պատասխանեցին՝ ձեռքի տակ տվյալներ չունեն, աշխատակիցների մեծ մասն էլ արձակուրդում է:

Համացանցում ընկերության մասին  տվյալները սահմանափակվում են տեղեկությամբ, որ «Հին Երևան» ներդրումային ծրագրի  կառուցապատումն իրականացնելու է «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն:

«Ռադիոլուրը» կշարունակի իր փնտրտուքը,  կփորձի հանդիպել ընկերության պատասխանատուների հետ ու լսել նրանց պարզաբանումները:

Մինչ այդ եռակողմ այս պատմության մասին խոսելիս ամերիկաբնակ ինժեներ Մայքլ Սահակյանն ասում է՝ եթե Արամի և Բուզանդի փողոցները լինեին ԱՄՆ-ում, հենց այսօր կկողպվեին:

Հայաստանում այս փողոցները շարունակում են բաց մնալ՝ օդում կախված իրենց խնդիրների նման:

Ցուցադրել ավելի
Back to top button