ԼուրերԿարևորՔաղաքական

Այսօր Հանոյում կդիմավորեն ՀՀ վարչապետին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի սոցիալիստական հանրապետություն կմեկնարկի հուլիսի հինգին, երբ Երևանում վաղ առավոտ կլինի: 

Մինչ այդ, հուլիսի չորսի ուշ երեկոյան ՀՀ և ՎՍՀ դրոշներով Հանոյի Նոյբայ օդանավակայանում տեղի կունենա  Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումները կսկսվեն հուլիսի հինգին՝  օրվա երկրորդ կեսին: Մեր երկրի վարչապետի առաջին կանգառը զոհված հերոսների հուշարձանն է լինելու:

Ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Հո Շի Մինի դամբարան: Հանոյում Հայաստանի կառավարության ղեկավարը կայցելի նաև Գրականության տաճար, որի   գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի դիմավորումից հետո մշակութային համալիրի տարածքում Նիկոլ Փաշինյանը շրջայց կկատարի:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետին և տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ՎՍՀ նստավայրի բակում կդիմավորի ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը՝ տիկնոջ՝ Թրան Նքիմ Նգույեթ Թուի հետ:

Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները՝ վարչապետերի մասնակցությամբ  նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումներ կանցկացնեն: Երկու երկրների ՝ ՀՀ և ՎՍՀ միջև համաձայնագրեր կստորագրվեն՝ կրթության ու զբոսաշրջության ոլորտներում:

ՀՀ վարչապետը և ՎՍՀ վարչապետը ԶԼՄ ներկայացուցիչների համար  հայտարարություն կանեն: Նույն օրը վարչապետը կմեկնի Կառավարական ընդունելությունների տուն: ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից պաշտոնական ընթրիք կտրվի:

Հուլիսի հինգին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կարճատև հանդիպում կունենա ՎՍՀ վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուի հետ:

Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի վեցին, նախատեսված է Հայաստանի վարչապետի տիկնոջ այցը Արյան փոխներարկման ինստիտուտ՝  մանկական բաժին, որտեղ մասնագետները կներկայացնեն բուժման մեթոդիկան ու առնաձնահատկությունները:

Հուլիսի վեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի  ՎՍՀ ազգային ժողով, որտեղ կհանդիպի ՎՍՀ ազգային ժողովի նախագահ տիկին Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:

Ապա Նիկոլ Փաշինյանը ՎՍՀ առևտրի պալատում կհանդիպի առևտրի պալատի  ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ: Վարչապետի  օրակարգում  է նաև այց   Հանոյում ՀՀ դեսպանություն, հանդիպում Վիետնամ-Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կլինի նաև Թրանգ Ան լանդշաֆտային համալիրում:

Վարչապետը Վիետնամում է պաշտոնական այցով: Վիետնամից հետո Նիկոլ Փաշինյանը  կրկին պաշտոնական այցով Սինգապուրի հանրապետություն կմեկնի:

Ցուցադրել ավելի
Back to top button