ԿարևորՔաղաքական

Սպառնալիքի ներքո Հայաստանը չի բանակցի. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝  բացատություն ներկայացնելու. արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը հաստատում է մամուլում օրերս հրապարակված տեղեկատվությունը:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը արհեստական խոչընդոտ էր ստեղծել լրագրողին  վիզա  տրամադրելու հարցում, իսկ Արտաքին գործերի նախարարության նոտան դեսպանատան կողմից հաշվի չէր առնվել, ինչն էլ դեսպանին նախարարություն հրավիրելու պատճառ է դարձել:

Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական օրակարգի այլ հարցերի:

Բաքուն խոչընդոտել է Հայաստանի մասնակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին,  որն այս օրերին ընթանում է Բաքվում: Դդիտորդի կարգավիճակով նիստին մասնակցելու հրավեր ստացել էր նաև Հայաստանը:  Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝  հյուրընկալող երկրից հայկական պատվիարակության համար անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանալու խնդրանքով: Նիստից երկու օր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունից նամակ են ստացել, որով կազմակերպությունը տեղեկացվում է, որ Ադրբեջանը հրաժարվել է հայկական պատվիարակության անվտանգության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու և գրավոր երաշխինքներ տրամադրելու առաջարկից:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից  Բաքվին դատապարտող հայտարարություն է ակնկալում` ասում է Հայաստանի  ԱԳՆ մամուլի խոսնակը:

«Արատավոր երևույթ է,  երբ մի պետություն արգելափակում է մյուս երկրի մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման միջոցառումից: ՀՀ-ն պաշտոնական բողոք է հղել կազմակերպությանն ու անդամ պետություններին հորդորել դատապարտող դիրքորոշմամբ ներկայանալ»:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախ՝  ներկայացնելու  վաշինգտոնյան հանդիպման ընթացքում քննարկված հարցերը: Սա պայմանավորված է գործընթացում Արցախի ներգրավումն ապահովելու  մոտեցմամբ՝ ասաց Աննա Նաղդալյանը:

Մնացականյան-Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումից  հետո միջնորդների տարածած հայտարարության մեջ օգտագործվեց «բովանդակային բանակցություններ» եզրույթը: Ի՞նչ է այն ենթադրում, արդյոք կողմերը մոտ են  բովանդակային բանակցություններ վարելուն: ԱԳՆ մամուլի խոսնակը բացատրեց, որ նման ձևակերպումներ նախկինում էլ են օգտագործվել և դա նշանակում է, որ պետք է քայլեր ձեռնարկել խաղաղության մթնոլորտի ձևավորուման ուղղությամբ, ինչը կնպաստի բանակցությունների անցկացմանը: Վաշինգտոնում կարևորվել  է նաև օպերատիվ կապի ամրապնդումը:

« Վտանգավոր ենթադրություն է,  թե ՀՀ-ն  կարող է բանակցել սպառնալիքի ներքո կամ  Հայաստանը կարող գնալ միակողմանի զիջումների: Դրանք իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ են»: 

Անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանը ֆրանսիայից պատրաստվում է զենք գնել,  Աննա Նաղդալյանը հիշեցրեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, թե Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների,  պահպանում է էմբարգոյի իր պարտավորությունները և  որ երբեք Բաքվին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում:

ԱԳՆ մամուլի խոսնակը կարևորում է  այս հարցում ֆրանսիայի հետևողական լինելը: Նշում է նաև, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները Հայաստանի  ուշադրության կենտրոնում են: 

Ցուցադրել ավելի
Back to top button