Հասարակություն

Զինծառայության պայմանների փոփոխություն

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է նախաձեռնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Որոշ ծրագրերով նաեւ զինծառայության ժամկետներ են կրճատվում, հստակեցվում են պայմանները:

Պետությունը ցանկանում է Զինված ուժերում տեսնել ավելի կրթված եւ կրթական բարձր որակավորմամբ զինծառայողների: Դա է պատճառը, որ անգամ նոր տարկետումների է պատրաստ:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի ներկայացմամբ՝ դիտարկում են միջին մասնագիտական հաստատություններում սովորող զինապարտ երիտասարդներին տարկետում տրամադրել մինչեւ ուսումնառության ավարտը: Տարիքային սահմանափակում այստեղ չկա:

« Տարկետում տրվում է ընդամենը մեկ անգամ՝ մինչեւ ուսումնառության ավարտը: Շատ խիստ հսկողություն է սահմանվելու, այդ թվում իրավապահների կողմից՝ դուրս մնալու-վերականգնվելու հետ կապված: Ուսումնառության ժամկետը չի սահմանափակվում որեւէ ձեւով՝ 3 թե 4 տարի: Սովորող ունենք, որ նույնիսկ 21 տարեկան է, այսինքն՝ ենթադրվում է, որ մինչեւ 21 տարեկան էլ կարող է ձգվել: Մենք խնդիր ունենք՝ երբ գալիս է այլ երկրից, կրթական համակարգի տարբերություն կա»,- նշեց Բալայանը:

Սա նշանակում է, որ հետագայում բանակ զորակոչված երիտասարդների որոշակի տոկոսն արդեն նախնական կրթություն եւ մասնագիտություն ստացածներն են լինելու: Պաշտպանության փոխնախարարի ձեռքի տակ կան հստակ տվյալներ, թե այս փուլում որքան երիտասարդ կօգտվի տարկետման իրավունքից, սակայն այդ տվյալները հրապարակելու իրավունք փոխնախարարը չունի:

Պատգամավորներին պատրաստ է ոչ հրապարակային ներկայացնել այդ թվերը: Տարկետման նոր իրավունքում որոշակի խնդիրների մասին ահազանգեցին պատգամավորները: Նախարարությունում այդ ամենը գիտակցում են:

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը 3-ից առաջարկվում է կրճատել մինչեւ երկու տարի, բայց պայմաններն են խստացվում: Դա արվում է ծրագրի գրավչությունը բարձրացնելու եւ կրթության շարունակականությունն ապահովելու համար, հիմնավորում է պաշտպանության փոխնախարարը:

Պաշտպանության փոխնախարարի հիմնավորումներն ու հավաստիացումներն ամեն դեպքում չփարատեցին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մտահոգությունները: Նա շարունակում է պնդել՝ ԶՈՒ-կրթություն հարաբերություններում բալանսը խախտվում է:

«Կարող է այդ սովորողի, հետագայում գիտնական դարձողի շնորհիվ մենք հազարավոր կյանքեր փրկենք իր ստեղծած գիտական արդյունքի շնորհիվ: Մի քանի տասնյակ անգամ ավելի է նպաստելու բանակի հզորացմանը, քան այդ սովորողը այսօր գնա ծառայի եւ հետագայում կտրվի գիտությունից»:

Միաժամանակ երկու ուղղությամբ օգուտ քաղելու համար պաշտպանության նախարարությունում տարբեր ծրագրեր գործում են: Գերատեսչությունն ուժեղ է, հատկապես, կապի եւ ՏՏ ուղղությունը:

« Կապի մասնագետների մասով եմ ասում՝ վիճակը բավարարից մի բան էլ լավ է»,- ասաց Գաբրիել Բալայանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը: Վերջնական ընդունման համար փաստաթուղթը պետք է անցնի եւս մեկ քննարկում:

Ցուցադրել ավելի
Back to top button