Քաղաքական

Փաշինյան-Ալիեւ հանդիպումներից հետո փոխվել է մեկ բան. Բաբայան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին Ադրբեջանի ձեռնարկած  միտումնավոր քայլերը կրկին լարել են սահմանային իրավիճակը: Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հայտարարություն տարածեց՝ կտրականապես դատապարտելով իրավիճակի սրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված  միտումնավոր քայլերը:  Այս հայտարարությանն իր հերթին, իրեն հատուկ ոճով, հակադարձել է Ադրբեջանը՝ մեղադրելով հայկական կողմին, որին արձագանքելով Հայաստանի արտաքին գերատեսչությունն այն որակել է որպես Ադրբեջանի հերթական ցինիկ հայտարարություն:

Հայաստանի արտգործնախարարությունը կտրականապես դատապարտել է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին օրերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը։

«Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում​։

ՀՀ ԱԳՆ-ի այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Վերջինիս տարածած հայտարարությամբ ասվում է, թե՝

«Հայաստանի արտգործնախարարության՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյան այդքան էմոցիոնալ և միևնույն ժամանակ այդքան հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին»:

Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը կրկին պնդել է, թե կորուստների և երկկողմ տարաձայնությունների համար «միակ մեղավորը» Հայաստանն է: Արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության այս հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ-ն  այսօր այն որակել է որպես հերթական ցինիկ հայտարարություն:

«Ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով, Ադրբեջանը փորձում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, ինչի նպատակն է խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից»։

Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը անդրադառնալով այս հայտարարություններին՝ նկատեց, որ որեւէ բան է չի փոխվել: Ինչ եղել է մնացել է գրեթե նույնը.

«Փոխվել է միայն մեկ բան՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումներից հետո, սկսած Դուշանբեից, կտրուկ նվազել է քանակական առումով զինադադարի ռեժիմի խախտումները, որն առ այսօր ընդհանուր առմամբ, պահպանվում է, այսինքն՝ ցածր մակարդակի վրա է: Սա մենք ողջունել ենք ժամանակին, կարեւոր ենք համարել: Այնուամենայնիվ, սա միակ, այսպես ասած, չափանիշը չէ, վերլուծության միակ հիմքը չէ: Որովհետեւ դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ նացիստական, ռեւանշիստական: Նա չի վերանայում իր նպատակները, իր զգացմունքները, մեր նկատմամբ իր ծրագրերը: Այն, որ 2019 թվականը ընդհանրապես դինամիկայի տեսանկյունից աննախադեպ է Ադրբեջանում զորավարժությունների կազմակերպման գործում, այդ թվում՝ նաեւ Թուրքիայի հետ միասին, սա ինքնին շատ բան է ցույց տալիս»:

Այդ ամենը հստակորեն նշանակում է, որ այդ երկիրը չի վերանայել իր մոտեցումները, իսկ բանակցային զարգացումներն էլ դժվար թե բերեն բեկման՝ հավելեց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ դա եւս մեկ անգամ մեզ պարտադրում է լինել միասնական, երբ արտաքին վտանգը ոչ միայն չի թուլացել, այլ՝ ավելի ուժեղացել է՝ ինչպես ցույց են տալիս Ադրբեջանի իրար հաջորդող աննախադեպ զորավարժությունները, որոնց թիրախը, բնականաբար, ակնհայտորեն Արցախն ու Հայաստանն են:

«Հետեւաբար, մենք պետք է լցվենք համառությամբ, շարունակենք ուժեղացնել մեր երկիրը, ամրացնել մեր սահմանները, բարձրացնել բանակի մարտունակությունը, մեր միասնականությունը միշտ ամուր պահել եւ շարունակել վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Սա շատ-շատ կարեւոր է: Սա է հենց այն գրավականը, որ մենք եւ՛ մեր պետության անվտանգությունը կապահովենք, եւ՛ տարածաշրջանում խաղաղությունը կպահպանենք»:  

Արցախի պաշտպանության նախարարությունը, հաղորդելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ դրանց պատճառով ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահացու վիրավորում ստանալու մասին, միաժամանակ շեշտել է՝ «հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ»:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այս պահին սահմանային վիճակն, ընդհանուր առմամբ, նորմալ է:    

Ցուցադրել ավելի
Back to top button