ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

Լրացված 18.15

0 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ. խորհրդարանը երկրորդ անգամ անընդմեջ չընտրեց վարչապետ: Սա նշանակում է, որ խորհրդարանական ուժերին հաջողվեց ավարտին հասցնել խորհրդարանը ցրելու սահմանադրական քայլերի հաջորդականությունը:

ԱԺ-ի հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9:

ՀՀ նախագահն առաջիկա ժամերին կստորագրի համապատասխան հրամանը:  

Այս պահից Հայաստանը փաստացի մտնում է նախընտրական փուլ: Այսօր վերջնակետին հասավ խորհրդարանի արձակման համար Սահմանադրությամբ նախատեսված ոչ պարզ ճանապարհը: Այն հաղթահարելու համար պահանջվեցին մեծ ջանքեր, ներկուսակցական պայմանավորվածություններ եւ տարբեր ռազմավարությունների կիրառում:

Հայաստանի խորհրդարանը  լուծարված է, բայց շարունակելու է աշխատել մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը: Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԱԺ-ի ամբիոնից ընդամենը մեկ քաղաքական ուղերձ հղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Սահմանադրական կարգավորումներով երկրորդ անգամ վարչապետի թեկնածու կարող էր չառաջադրվել, բայց Փաշինյանը որոշեց գնալ այդ քայլի՝ առիթը օգտագործելու եւ տնտեսական խնդիրներից խոսելու համար: Նախորդ առաջադրման ժամանակ մեկ ժամը չբավարարեց եւ նա չհասցրեց խոսել տնտեսությունից:

Այսօր կրկին մեկ ժամը չբավարարեց, բայց վարչապետի պաշտոնակատարը կարեւոր համարեց պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսությունում եւ ինչու այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել: Վարչապետի պարզաբանմամբ՝ նախկինում աճը գրանցվել է օրինակ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ արված խաղադրույքների, երկրի ընդերքից հանված նյութերի՝ արտաքին  շուկայում բարձր գներով վաճառքի շնորհիվ:

10 փաստ ներկայացրեց Փաշինյանը ապացուցելու, որ տնտեսությունում դրական տրանսֆորմացիաներն արդեն ընթացքի մեջ են: Վարչապետի թեկնածուն, ի դեպ, այսօր հրապարակեց մի թիվ՝ քննչական տարբեր մարմիններում այս պահի դրությամբ քննվում է մոտավորապես 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր:

Դրանք ունեն հստակ ընթացակարգ՝ նախաքննություն, դատաքննություն, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ եւ այս երկար ճանապարհն է նաեւ պատճառը, որ վնասների վերականգնման եւ հատուցման պրոցեսը չի ընթանում այնպիսի արագությամբ, ինչպիսին ցանկանում են:

Վարչապետի պաշտոնակատարը, սակայն, հստակեցրեց՝ նոր Հայաստանում բիզնեսի վերաբաշխում չի լինելու. դա կարեւոր է իմանալ հատկապես գործարարներին:

Վարչապետի թեկնածուի ֆորմալ առաջադրման պայմաններում անգամ ծավալվեց բովանդակային քննարկում՝ 14 հարց, 9 ելույթ: Քվեարկությունից առաջ Աժ-ի նախագահ Արա Բաբլոյանը  հիշեցրեց, թե իրականում ինչի համար են այսօր հավաքվել:

Վարչապետ չընտրելու քվեարկությունից առաջ բոլորին հրաժեշտ տվեց ԱԺ-ի փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ ցույց տվեց նաեւ, որ հարմարվել է արդեն ընդդիմադիր դաշտում:

«6 ամիս անց առաջին անգամ թե իշխանությունը, եւ թե ընդդիմությունը համակարծիք են , որ պետք չէ ընտրել Փաշինյանին»:

Քվեարկության ժամանակ՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, որեւէ խորհրդարանական ուժ չմասնակցեց քվեարկությանը: Միայն «Ելք»-ը քվեարկեց ձեռնպահ, քանի որ իրենք էին առաջադրել թեկնածուին: Զավեշտալի դեպք գրանցվեց ԱԺ-ի նախագահի թվեարկության ժամանակ: Քվեարկությանը հատկացված մի քանի վայրկյանի ընթացքում նա հասցրեց նախ սեղմել «դեմ»-ի կոճը, հետո միանգամից փոխեց «կողմ»-ի եւ վերջում միայն ընտրեց «ձեռնպահ» տարբերակը: Բացատրեց, որ ի սկաբզնե որոշել էր ընտրել վերջին տարբերակը:

Այս պահին արդեն իրավական ուժով լուծարման գործընթացում գտնվող խորհրդարանը սկսել է 2019-ի պետական բյուջեի նախնական քննարկումները հանձնաժողովներում: Այդ փաստաթուղթը Փաշինյանն արդեն անվանել է «իներցիոն»,  քանի որ   փաստաթուղթը ձեւավորվել է այն չափորոշիչների հիման վրա, որոնք գործող կառավարությունը ժառանգություն է ստացել նախորդներից:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button