ԿարևորՔաղաքական

Ժամկետները կարեւոր են, բայց բարելավմանը չենք կարող ընդդիմանալ. Բուքիքիո

Սահմանադրական բարեփոխումների շնորհիվ Հայաստանն ունի Եվրոպայի ամենալավ սահմանադրություններից մեկը, սակայն, չնայած սրան, Հայաստանի քաղաքացիները  բավարարված չէին իրենց երկրում իրավիճակից ու իրականացրեցին թավշյա հեղափոխություն։

Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ սահմանադրության մեր դրական գնահատումը սխալ էր, չեմ կարծում։

Այս մասին այսօր հայտարարել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն՝ Երևանում մեկնարկած «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Արդյո՞ք Հայաստանում Սահմանադրական ճգնաժամ է:

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ձեւակերպմամբ՝ կա սահմանադրական հավասարակշռության լուրջ խախտում, սակայն, նման իրավիճակներում էլ Սահմանադրությունը նախատեսել է տարբեր իրավաչափ ելքեր:

Վենետիկի հանձնաժողովի շնորհիվ ՀՀ-ում կայացան երկու սահմանադրական բարեփոխումներ՝ 2005 թ.-ին եւ 2015թ.-ին՝ հիշեցրեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն.

Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք վստահ էին, որ այդ ժամանակ ՀՀ-ն ստացավ լավագույն սահմանադրություններից մեկը Եվրոպայում: Սակայն, նրա ձեւակերպմամբ,  ՀՀ քաղաքացիները բավարարված չէին երկրի իրավիճակով եւ այս տարվա սկզբին թավշյա հեղափոխություն արեցին: Սա նշանակո՞ւմ է, որ մեր դրական գնահատականը սխալ էր: Չեմ կարծում…՝ ասաց Ջիաննի Բուքիքիոն՝ հավելելով, որ պարզապես իշխանությունները չիրագործեցին նոր Սահմանադրության արժեքը եւ դիտարկեցին այն որպես իշխանության պահպանման միջոց: Ժողովուրդն էլ պնդեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը կարող է փոփոխություններ իրականացնել՝ առանց բռնությունների»:

Նկատելով, որ ՀՀ նախկին իշխանությունները փորձ չարեցին ուժով մնալ երկրի կառավարմանը՝ Ջիաննի Բուքիքիոն կարծիք հայտնեց, որ  հասարակության շրջանում ներկայում առկա այն համոզմունքը, որ իշխանափոխություն պետք է լինի առանց բռնության, լավ ճանապարհ է ՀՀ-ի ապագայի համար:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ ՀՀ նոր իշխանությունները կկառավարեն նոր Սահմանադրության ոգով, որը նրանց հնարավորություն կտա ճիշտ  ղեկավարել: Նրա խոսքով, սակայն, դա  չի նշանակելու, թե ՀՀ-ն ծաղկող ժողովրդավարության երկիր է լինելու: Ոչ, նոր բարեփոխումներ են պետք լինելու՝ շեշտեց Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Ասաց նաեւ, որ Սահմանադրությունը կարող է ապահովել անհատական իրավունքներն ու դառնալ ժողովրդավարական կարգի հիմքը, եթե այդ արժեքները կիսում է հասարակությունն ու քաղաքական էլիտան։ Միայն այդ ժամանակ այն կարող է սահմանափակել ու կազմակերպել հանրային կյանքը՝ նշեց Բուքիքիոն։ ՎՀ-ի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադարձավ նաեւ ԸՕ-ի փոփոխություններին՝ շեշտելով, որ խաղի կանոնները չպետք է փոխվեն խաղից անմիջապես առաջ,  բայց բարելավմանը չպետք է ընդդիմանանք:

Անդրադառնալով խորհրդարանի ազատ արձակման ընտրված տարբերակին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր շեշտեց, որ դա քաղաքական գործընթաց է, որը Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանակներում է։

«Կարող էր այլ ձեւով արվել: Կարող էր նաեւ վարչապետ չառաջադրվեր եւ չընտրվելու դեպքում, միեւնույնն է, ԱԺ-ն արձակվում էր: Ընտրությունը կախված է քաղաքական ուժերի կամքից եւ նրանց տրամադրության տակ եղած տեղեկատվության վերլուծությունից: Այսինքն՝ կողքից դա գնահատել չի կարելի, բայց դա չի կարելի համարել նաեւ, որ իրավաչափ չէ: Դա էլ իրավաչափ գործընթաց է:

Հարցին, թե արդյո՞ք կա Սահմանադրության հեղինակների մեղքով սահմանադրական ճգնաժամ՝ Գագիկ Հարությունյանը նախ հակադարձեց, որ ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ, ապա՝ հավելեց, որ կա սահմանադրական հավասարակշռության լուրջ խախտում։

«Այդ խախտումը հետեւյալն է. խորհրդարանական կառավարման համակարգում պետք է լինի կայուն մեծամասնություն, եթե դա չի ձեւավորվում ընտրությունների առաջին փուլով, պետք է լինի երկրորդ փուլ, եթե այդ դեպքում էլ չի լինում խորհրդարանական կայուն մեծամասնություն, ապա լինում է նոր ընտրություն։ Եթե կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ապա դա վկայում է սահմանադրական հավասարակշռության խախտման մասին»։

Եթե խախտվել է դա, ապա կարող է առաջանալ լուրջ սահմանադրական ճգնաժամ՝ ասաց Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ նման իրավիճակն անխուսափելի է դարձնում արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նա թվարկեց նաեւ արտահերթ ընտրությունների համար Սահմանադրությամբ նախատեսված դրույթներ, որոնք այսպիսի իրավիճակներում իրավաչափ ելքերը հեշտացնելու համար են:

Ընտրված ճանապարհը Սահմանադրությամբ նախատեսված այն դրույթն է, որի համաձայն եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, ապա օրենքի ուժով արձակվում է:

Back to top button