Հասարակություն

Կվերանվանվի «Զվարթնոց»-ը Շառլ Ազնավուրի անունով, թե՞ ոչ

Վերանվանե՞լ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով, թե՞ ոչ: Հարցը սոցիալական հարթակներում արդեն թեժ քննարկումների առիթ է դարձել:

Վերանվանման կողմնակիցներն իրենց փաստարկներն են բերում, ընդդիամխոսներն՝ իրենց հակափաստարկները:

Վերանվանման առնչությամբ մշակույթի նախարարությունը բացասական կարծիք ունի, բայց քանի որ շատ առաջարկներ է ստացել, որոշել է  հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը:

Ուղիղ 24 ժամ առաջ մշակույթի նախարարությունը ֆեյսբուքյան հարթակում հրավիրեց մասնակցելու հանրային քննարկման` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու թեմայով:

Առաջին հայացքից թվաց, թե նախաձեռնությունը մշակույթի նախարարությանն է՝ պարզվեց՝ և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը քաղաքացիներից «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու վերաբերյալ առաջարկներ են ստացել:

Հենց դրանից ելնելով էլ՝ նախարարությունը նախաձեռնել է քննարկում: Նախարարությունից Անի Սմբատյանը պարզաբանում է՝ ստեղծել են «կարծիք հայտնելու» հարթակ:

Ֆեյսբուքյան հարթակում թեմայի վերաբերյալ  դեմ կարծիքներն ավելի շատ են, քան կողմերը: Հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը դեմ արտահայտվողներից է: Մի քանի հիմնավորում ունի դեմ լինելու համար: Դեմ լինելուց բացի՝ նաև առաջարկ:

«Սրանք անհամատեղելի մեծություններ են: Երկրորդ, ունենք հրապարակ, թանգարան, գտնում եմ, որ Գյումրիի օդանավակայանի անունը պետք է վերանվանվի Շառլ Ազնավուրի անունով, քանի որ Շառլը Գյումրիի համար շատ բան է արել»:

Հարթակների փոփոխությունից, մեկ օրվա ընթացքում թեմայի վերաբերյալ կարծիքներն էլ փոխվեցին:

PanARMENIAN.Net-ն իր նախաձեռնությամբ իր տիրույթում է հրավիրել հանրային քննարկման: Պարզվում է՝ այս հարթակում 81%-ը կողմ են, որ օդանավակայանը վերանվանվի Շառլ Ազնավուրի անունով, դեմ է՝ 19%-ը:

Լիզա Կոստանյանը կողմ է, որ «Զվարթնոց»-ը վերանվանվի Շառլ Ազնավուրի անունով՝ հստակ գիտի, թե ինչու: Հարցի վերաբերյալ կարծիքները նախարարությունը կընդունի մինչև նոյեմբերի 5-ը:

Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ տեղեկություններ նախարարությունը կհայտնի՝ դիմումների ժամկետի ավարտից հետո միայն՝ մեկ շաբաթվա ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button