ԿարևորՀասարակություն

Գրանդ փղի վիրահատությունը բարեհաջող է անցել


Երևանից Թբիլիսի տեղափոխված Գրանդ փղի կոտրված ժանիքի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Բորբոքված ժանիքը հեռացնելու համար Թբիլիսի են ժամանել լավագույն մասնագետները: Բարդ վիրահատությունից հետո փիղը ոտքի է կանգնել ներկաների ծափահարությունների ներքո։

Թբիլիսիի կենդանաբանական այգում Գրանդ փղի վիրահատությունը հաջող անցնելու առիթով տոն է կազմակերպվել։ Կոտրված ժանիքը, որն արդեն բորբոքվել էր, մեծ վտանգ էր ներկայացնում փղի կյանքին։ Բարդ վիրահատությունից հետո փիղը հուրախություն ներկաների շատ հեշտությամբ ոտքի է կանգնել

«Վիրահատությունը հաջող անցավ։ Գրանդը ոտքի վրա է արդեն, ամեն ինչ լավ է, մենք բոլորս ուրախ ենք»:

Ասում է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն։ Նրա խոսքով, երկու օրվա ընթացքում փիղն արդեն գրեթե ամբողջովին կվերականգնվի։ Գուրիելիձեն նշում է, որ այս օրերին փղի համար մի փոքր դիետա է սահմանվել, ապա կատակով հավելում․


«Սուրճ էլ չի կարելի դեռ, սննդակարգը մի փոքր կփոխվի, բայց ոչինչ, արագ կկարգավորվի»։

Մի քանի ժամ տևած վիրահատությունը նկարահանել է BBC-ն: Բրիտանական հեռուստաալիքը  «Խոշոր կենդանիների վիրահատությունները» (Big Animal Surgery) ծրագրի շրջանակներում կներկայացնի Գրանդի պատմությունը։

Թբիլիսիի կենդանաբանական այգու փղի  հետ միավորելու նպատակով Երևանից տեղափոխված Գրանդն արդեն երկրորդ վիրահատությանն է ենթարկվում։ Այգու տնօրենը նշում է, որ ժանիքները խիստ վնասվել են ճանապարհներին՝ մասնավորապես Մոսկվայից Երևան տեղափոխելիս։

Նշեմ, որ 2014-ին Գրանդին Թբիլիսի տեղափոխելու որոշում կայացրել էր կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որի թեկնածու անդամ են Երևանի ու Թբիլիսիի կենդանաբանական այգիները: Ասոցացիան  սրանով լուծում է այս երկու այգիներում փղերի միայնության հարցը: Ասոցացիայի Թբիլիսիի կենդանաբանական այգու գծող ղեկավար Մարիո Հոդմեկերի խոսքով․

«Այս փիղը շատ կարևոր է Եվրոպայում փղերի ապագայի համար»։

Այժմ Թբիլիսիի կենդանաբանական  այգում հույսով սպասում են, որ փղերը նոր սերունդ կտան, ինչն էլ միգուցե կլուծի Երևանի կենդանաբանական այգի Թբիլիսիից տեղափոխված միայնակ փղի հարցը։

Back to top button