Հասարակություն

Միայնությա՞ն, թե՞ պետության անտարբերության զոհը. Ռադիոլուրը՝ ահազանգի հետքերով


«Ռադիոլուն» օրերս ահազանգ էր  ստացել Ավան վարչական շրջանից. բնակիչներն ահազանգում էին հարևաններից  մեկի  առողջական ու սոցիալական խնդիրների մասին, նշում, որ պարբերաբար  դիմում  են պատկան մարմիններին, սակայն հարցը վերջնական լուծում չի ստանում:

«Ռադիոլուրը» որոշեց  գնալ  ահազանգի հետքերով, բայց մինչ տեղ կհասներ, պարզվեց՝ արդեն ուշ էր:

Ո՞ր կառույցը պետք է զբաղվի նման իրավիճակում հայտնված մարդկանց խնդիրներով, ի՞նչ ծրագրեր կան  նրանց խնամակալությունը կազմակերպելու համար:

Ավան վարչական շրջանի 2/1 շենքի բնակիչները տարիներ շարունակ իրենց հարևան Գարիկ Պետրոսյանի անսովոր վարքի մասին տեղեկացրել են  պատկան մարմիններին: Հարևանների բնորոշմամբ՝ հոգեկան շեղումներ ունեցող երիտասարդ ու միայնակ տղամարդը վերջին 5 տարիներն անցկացրել է հոգեբուժարանում, սակայն այնտեղից դուրս գալուց հետո  բնակվել վերոնշյալ հասցեում գտնվող  իր բնակարանում` չունենալով պայմաններ:


Համատիրության  ղեկավար Մարիետա Քարամյանը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել  Կանադայում բնակվող  եղբոր հետ, նա,  սակայն, որևէ պատասխանատվություն չի ստանձնել : Հարևանները փորձել են իրենց միջոցներով  նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն անձնագիր չունանելու  պատճառով չեն կարողացել քայլեր ձեռնարկել, Թաղապետարանի ու  հարևանների միջոցներով  երկու անգամ  տեղափոխվել է հոգեբուժարան, սակայն 24 օր անց նորից վերադարձել է տուն, «Ռադիոլուրին» իրավիճակը ներկայացնում էր հարևաններից մեկը:


«Բնակչությոունը բազմիցս է իր հետ խնդիրներ ունեցել: 
Իրանից բոլորը վախենում էին»:

Անսովոր վարքից բնակիչները շատ են տուժել ու ամեն անգամ դիմել  այս կամ այն կառույցին, սակայն արձագանք չստանալով իրենք են քայլեր ձեռնարկել: Վերջին անգամ, զանգահարել են շտապօգնություն, սակայն ծառայությունն ուշ է արձագանքել ահազանգին:

«Իրենք եկան, սակայն բնակչության գոռգոռոցից հետո տարան»:   


«Ռադիոլուրը» որոշեց գնալ ահազանգի հետքերով, լսել բնակիչների մտահոգություններն ու օգնել նաև  երիտասարդին: Մինչ տեղ կհասնեինք,  իմացանք, որ  վերջինը հոգեբուժարանում հանկարծամահ է եղել: Տեղեկությունը հաստատեց նաև համատիրության ղեկավար Մարիետա Քարամյանը:

«Ուղղակի մենք խնդրում ենք  սոցապ նախարարին, որ նման մարդկանց հաշվառեն»:

Ո՞ր կառույցը պետք է զբաղվի նման իրավիճակում հայտնված մարդկանց խնդիրներով, ի՞նչ ծրագրեր կան  նրանց խնամակալությունը կազմակերպելու համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ  Անահիտ Գևորգյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող  անձանց նախարարությունը պետք է տեղավորի խնամքի հաստատություններում:


Հայաստանում կա երկու պետական  հաստատություն՝ Վարդենիսի  նյարդահոգեբանական տուն-ինտերնատը և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների խնամքի   տունը, որտեղ սպասարկվում,  խնամք է ստանում և   բնակվում է մոտ 570 մարդ: Սրանցից բացի՝ կան նաև ոչ պետական երկու փոքր խնամքի տներ՝ Սպիտակի խնամքի և «Ջերմիկ անկյան» խմբային ու համայնքային տները: Սակայն պետական կառույցում էլ են հասկանում, որ եղածը շատ քիչ է, քանի որ հանրապետությունում  գրանցված է մոտ 50 հազար  հոգեկան խնդիր ունեցող անձ, որոնց մեծ մասն ունի խնամքի կարիք:


Նախարարության  ներկայացուցիչը խոստովանում է, որ  հոգեկան առողջության խնդիրներով անձանց համար չկան բավարար  շուրջօրյա խնամքի և այլընտրանքային ծառայություններ: Կան մշակված ծառայությունների ծրագրեր: Խնդիրը ֆինանսական է: Փորձում են գտնել դոնորներ: Դիմել են կառավարությանն ու միջազգային դոնոր կազմակերպություններին:

«Կարողանանք մենք ստեղծել համայնքային գոնե մի քանի տներ»:

Շենքային պայմաններ կան,  սակայն կա դրանք վերանորոգելու ու խնամքի պայմաններ ապահովելու խնդիր, եզրափակեց Անահիտ Գևորգյանը:

Back to top button