Քաղաքական

Խաղաղության ու կայունության հաստատում. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում են


ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահներն այսօր մեկնել են Արցախ:

Նախօրեին Հայաստանում նրանք մի շարք հանդիպումներ են ուեցել մեր երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, թե ինչ շեշտադրումներ են հնչել հանդիպումներում ղարաբաղյան հակամարտության շնդրի խաղաղ կարգավորման հետ կապված, եւ ինչ արձագանքի է շարունակում արժանանալ ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցը՝ Ռադիոլուրի ռեպորտաժում։

Խաղաղության ու կայունության հաստատում.  սա է այն հիմնական ձևակերպումը, որը շեշտվում էր  ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հայաստանյան այցի ընթացքում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդների հետ հանդիպման ժամանակ  շեշտել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հակամարտության բոլոր կողմերի հանձնառության անհրաժեշտությունը, կարևորել է պայմանավորվածությունների պահպանումն ու իրականացումը:

Եռանախագահներն անդրադարձել են  սեպտեմբերի վերջին Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչը կնպաստի խաղաղության մթնոլորտի ձեւավորմանն ու խթանմանը:

Արցախի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ուշադրություն է դարձնում խաղաղության ու կայունության պահպանման մասին շեշտադրումներին:

«Ընդհանուր առմամբ պարզ է, որ այստեղ եւս պետք է շեշտը դրվի խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ որեւէ նոր բան սպասել հատկապես Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունից պետք չէ: Կարեւոր է, որ մենք փոխվստահության քայլերը կատարենք, բայց, պետք է միշտ հաշվի առնել, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը. այդ երկիրը կարող է անսպասելի որևէ պահի նենգ ու կեղտոտ ձևով մի քայլ կատարել ու խախտել բոլոր՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր պայմանավորվածությունները: Իհարկե, գիտենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, բայց եթե հնարավորություն կա նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հասնել խաղաղությունը և կայունությունն ապրապնդելուն, պետք է անել դա: Այդուհանդերձ, պետք է միշտ հիշել, թե ինչ երկիր է Ադրբեջանը»:

Միջնորդներն այսօր Արցախում են, վաղը կժամանեն Ադրբեջան, ինչից հետո, թերևս, հնարավոր կլինի ամփոփել համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքները: Մինչ այդ, ակտիվ քննարկվում է  Ռուսաստանի ԱԳ նախարարության արձագանքը Հայաստանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ձևակերպումներին:

Պաշտոնական Մոսկվան բավական կոշտ է ձևակերպումներ է օգտագործել.

«Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից»  (առանձնապես չթաքցնելով, որ խոսքը ՌԴ–ի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաեւ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ն. Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Մոսկվայի լարվածությունը հասկանալի է՝ հարավկովկասյան տարածաշրջանը ավանդաբար համարվում է ՌԴ  ազդեցության տարածք և Բոլթոնի որոշ  ձևակերպումներ  ռուսական կողմին պարզապես հաճելի չէին:

«Անգամ Մոսկվայում Բոլթոնի հետ հանդիպումները հարթ չէին անցել ու բնական է, որ Ռդ պետք է ագրեսիվ արձագանքեր: «Պատմական կաղապարներ» ասելով՝ նկատի ուներ ոչ միայն ՌԴ ազդեցությունից ազատ լինելու հարցը, այլև Թուրքայի հետ Հայաստանի հետ հարաբերությունները»:

Բոլթոն-Մոսկվա հեռակա հրաձգությունը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով, պարզ ցույց է տալիս, որ իրանա-ամերիկյան ու ռուս-ամերիկյան հարաբերություններն ավելի կսրվեն ապագայում:

«Պարզ է, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները, մրցակցությունը տարածաշրջանում ավելի է թեժանալու նաև Իրանի մասով, բայց, այնուամենայնիվ, պետք է պարզապես այս ամենը հաշվի առնվի և վարենք համապատասխան հավասարակշռված քաղաքականություն: Թեև կան նոր մարտահրավերներ, բայց կա նաև այդ մարտահրավերներին էֆեկտիվորեն առերեսվելու հնարավորություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարողանում այդ ամենն օգտագործել»:

Այս լարված հայտարարությունների ֆոնին քաղաքագետները փաստում են, որ միակ հարթակը, որտեղ երկու գերտերությունների շահերը հանընկնում են, ղարաբաղյան խնդիրն է:

Թեև Դավիթ Բաբայանը նոր իրողություններ ու զարգացումներ է կանխատեսում իրանա-ամերիկյան ու ռուս-ամերիկյան հարաբերություններում,  բայց նաև ընդգծում է, որ Հայաստանի միասնականությունը լավ հնարավորություն է ղարաբաղյան խնդրում սեփական շահերն առաջ տանելու համար: Ամեն դեպքում, տարածաշրջանն այնքան զգայուն է, որ որևէ երկրի շահերից չի բխում անկայունությունն այստեղ, ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Back to top button