ԿարևորՔաղաքական

Ընտրական օրենսգիրքը կրկին տապալվեց. չբավականացրեց 1 ձայն

լրացված ՝ 17.49

ԸՕ-ում փոփոխությունների փաթեթի ընդունման երկրորդ փորձը խորհրդարանում կրկին ձախողվել է, այս անգամ՝ ընդամենը մեկ ձայնի պատճառով: Անհրաժեշտ 63 կողմի փոխարեն գրանցվել է 62 կողմ արդյունքը: Ձեռնպահ քվեարկություն չի եղել, 2 պատգամավոր՝ Արփինե Հովհաննիսյանը եւ Արմեն Աշոտյանը դեմ են քվեարկել:

Քանի որ ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը սահմանադրական է, այն ենթադրում է քվեարկության այլ կանոններ: Նախագիծը չի ընդունվում պատգամավորների պարզ մեծամասնության քվեարկությամբ: Սահմանադրական օրենք ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 63 պատգամավորի կողմ քվեարկություն:

ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի ընդունումն առաջին անգամ տապալվել էր  ուղիղ մեկ շաբաթ առաթ հանրապետականների բոյկոտի պատճառով: Նախագիծը խորհրդարան էր վերադարձրել ոչ թե կառավարությունը, այլ պատգամավորները: Նրանք  ստորագրահավաքով արտահերթ նիստ էին հրավիրել:

Այսօր խորհրդարանում կրկին հնչում էր սաբոտաժ բառը: Իրական հնարավորություն կար ընդունելու ԸՕ-ի փոփոխությունների փաթեթը, բայց չբավարարեց ընդամենը մեկ ձայն:

ԱԺ 4 խմբակցությունից 3-ը ներկայացված էին գրեթե ողջ կազմով՝ անգամ մոբիլիզացվել էին վատառողջները: Ինչպես եւ նախորդ անգամ, բացակայում էր Հանրապետական խմբակցության պատգամավորների մեծ մասը: Սա էլ որոշակի վերապահումով.  Հանրապետականից դուրս եկած բոլոր պատգամավորները եւ նրանք, ովքեր նախապես հայտնել էին իրենց աջակցության մասին, բոլորը դահլիճում էին: Անսպասելի բացակայություն գրանցվեց Դաշնակցություն խմբակցությունից:

Թեեւ այդ խմբակցությունը քաղաքական որոշում էր կայացրել՝ կողմ քվեարկել նախագծին, բայց երկու պատգամավոր՝ Անդրանիկ Կարապետյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, բացակայում էին այսօրվա արտահերթ նիստից: Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին չի զարմացնում կրկին թիրախում հայտնվելու հանգամանքը: Ասում է՝ սովոր են, եթե  Թիֆլիսում էլ կառք շուռ գա, մեղավորը իրենք են դուրս գալու:

Ռուստամյանի համար հստակ է՝ եթե մի բան երկու անգամ չի ստացվում, ուրեմն ինչ-որ բան սխալ է արվել: Չի ընդունում սաբոտաժի մեղադրանքները եւ գերադասում է վկայակոչել թվերը՝ 7 հոգանոց խմբակցության 5 հոգին կողմ են քվեարկել:

ԸՕ-ի փոփոխություններին կողմ ձայներից այսօր պակասեց նաեւ հանրապետական Ռուզաննա Մուրադյանի ձայնը.  նա մանդրատից հրաժարվելու դիմում է ներկայհացրել օրեր առաջ: Պատգամավորի այդ քայլը կապվում է  ԸՕ-ի առաջին քննարկման հետ: Մեկ շաբաթ առաջ նա նախագծին կողմ  քվեարկեց՝ հակառակ խմբակցության որոշմանը: Այսօրվա պատկերը խորհրդարանում գոհացրեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանին:

Քննարկումների սկզբում Աշոտյանն իրեն մի տեսակ պատանդի կարգավիճակում էր զգում, ասում էր՝ նախագիծը դռներից հանեցին՝ ծխնելույզից մտավ: Պնդում է, որ կառավարությունից ճնշումներ են եղել պատգամավորների վրա, իհարկե, ինքն անձամբ դա չի զգացել:

Նախագծի տապալումից հետո շատերը վերլուծում են, որ Հանրապետականին ձեռնտու են գործող ԸՕ-ի ռեյտինգային-բոնուսային կարգավորումները: Գոնե դրանով հույս ունեն տեղեր զբաղեցնել ապագա խորհրդարանում: Այսպիսի պնդումներին հակադարձում է ԱԺ-ի փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը:

Ի վերջո, ինչի համար էր սկզբունքային համարվում ԸՕ-ի փոփոխությունը: Սա կրկին փորձեց հիշեցնել «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը: Նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինքն է գլխավորելու ցուցակը եւ ինքն է կազմելու այն: Գործարար իրեն չի համարում: Ընդունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումը, որ հանդիսանում է խոշոր սեփականատեր:

Այս պահի դրությամբ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցություններից նշում են, որ դեռ քննարկում չի եղել՝  ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը կրկին քննարկման ներկայացնելու մասին: Դեպքերի նման զարգացումը քիչ հավանական է համարում «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը:

Գրեթե համոզված  է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվելու են գործող ԸՕ-ով: Քաղաքական ուժերն այժմ՝ յուրաքանչյուրն իր հերթին, պնդում են, որ ռեյտինգային համակարգով եւ գործող օրենսգրքով ընտրություններին մասնակցելն իրենց համար խնդիր չէ:

Back to top button