Հասարակություն

Սադրանք՝ իմ անձի դեմ. Արսեն Թորոսյան

Ճանճը փիղ սարքելու օպերացիա՝  առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն  այսպես է բնութագրել Երևանի բժշկական համալսարանում օրերս տեղի ունեցած միջադեպը:

Թորոսյանը տեղի ունեցածը թեթև միջադեպ է որակել, նաև այն համարել իր անձի դեմ ուղղված սադրանք: Նախարարի պաշտոնակատարի հայտարարություններն անարձագանք չի թողել Բժշկական համալսարանի ղեկավարությունը:

Նարեկ Վանեսյանն ազատվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից: Նրա անձի շուրջ աղմուկը վերջին շրջանում չի դարադում: Նախ՝ միջադեպ Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանում: Հետո ՝ դժգոհություն ՄԻՊ-ի աշխատակազմից: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ Վանեսյանը ՄԻՊ-ի  աշխատանքները խոչընդոտելու պատճառով է ազատվել աշխատանքից.


«Ես դեպքի մանրամասներին ծանոթացել եմ, հակասական կարծիքներ կան: Ամեն դեպքում, իմ կարծիքով, ինչ-որ խոչընդոտում եղել է: Ես համարում եմ, որ նման դեպքերը պետք է բացառվեն: ՄԻՊ-ի աշխատակազմի գործունեությանը խոչընդոտներ չպետք է լինեն»:

Աշխատանքից ազատված պաշտոնյայի մասնակցությամբ  օրերս միջադեպ էր տեղի ունեցել  Երևանի բժշկական համալսարանում: Միջադեպն այնքան էր վրդովեցրել համալսրանի աշխատակիցներին, որ նրանք  բաց նամակով դիմել էին վարչապետին:

«Գրանցվել է տհաճ միջադեպ, որը միայն համալսարանականների կողմից հանդուրժողականության և զսպվածություն ապահովելու գործադրած ջանքերի շնորհիվ չի ստվերել արարողությունը: Շրջանավարտներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին, վրդովեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձևավորված և հաստատված օրակարգով»:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ նման միջադեպեր այս համալսարանում հաճախ  են տեղի ունենում:


«Ճանճը փիղ սարքելու օպերացիա էր: Նման միջադեպեր բժշկականում օրական տասը հատ լինում են, ոչ մեկն այդպիսի արձագանք չի ստանում: Դա սադրանք էր նաև իմ անձի դեմ: Ստորագրողների մի մասին կանչել են, ստորագրել են տվել, մյուսները հրաժարվել են, ստորագորղներից որոշներն ընդհանրապես Հայաստանում չեն եղել: Այո , ամբիոնի  վարիչներ ու կլինիկաների ղեկավարներ են կանչվել, ասել են ստորագրեք: Կանչել է ԵՊԲՀ ղեկավարությունը»:

Թորոսյանը պնդում է՝ իրենք  ցանկանում են բժշակական համալսարանում վերահսկողություն սահմանել:  Երևանի բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն  է «Ռադիոլուրի» հետ զրույցում արձագանքում է Բժշկական համալսրանը պատրաստ է համագործակցության ցանկացած կառույցի հետ:

«Ինչ վերաբերում է վերահսկողությանը, մեջբերենք երկրի վարչապետի խոսքերը. «Բուհերը ինքնավար, ակադեմիական հաստատություններ են: Որևէ խոչընդոտ, վերահսկողություն իրենց  գործունեության մեջ  երբևէ չպետք է լինի»: Ինչ վերաբերում է բժիշկների հետագա գործունեության վերահսկողությանը, ապա ԱՆ-ը կարող է վերահսկել, ավարտական դիպլոմը ստանալուց  հետո բժիշկներին լիցենզավորել, քննարկել աշխատանքի տեղավորման հարցը»:

Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը «Ռադիոլուրի» խդնրանքով   անդրադարձավ նաև նախարարի պաշտոնակատարի հնչեցրած մեղադրանքներին:

«Շատ խոշոր, մասշտաբային սադրանք է: Խոշոր սադրանք է տեղի ունեցել, երբ հոգեբուժարանի տնօրենին դրդել ենք  քաղաքացուն հրմշտել, տեղից անհարկի ռեպլիկներ թողնել, ակադեմիական հաստատությունում դռներ շրխկացնել: Ուզում եմ հասկանալ, այստեղից ո՞ր մասն է սադրանք»:

Ինչ վերաբերում է բաց նամակը ստորագրելու պարտադրանքին. «Որևէ մեկին որևէ բան չենք պարտադրել,  բոլոր ստորագրություններն առկա են: Որևէ մեկին որևէ ստիպողաբար անձ չի եղել: Երբ նայում եք ցանկը, արդյո՞ք նման մարդկանց հնարավոր է ստիպել»:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև  Նուբարաշենի հոգեբուժարանում բացահայտված խնդիրներին:

«Նուբարաշենի հոգեբուժարանի անբասիր կնեսագրությամբ ու վարքագծով նախկին   տնօրենների վարքի շնորհիվ, օրինակ, նույն Մուրադյան Արմենի ղեկավարման տարիներին  քացրավենիք է գնվել չորս  անգամ բարձր գնով: Ջուր է գողացվել հարևան հիմնարկների կողմից տասնյակ միլիոնների, որը բացահայտվել է միայն վերջին շրջանում տնօրենների փոփոխությունից հետո»:

Արմեն Մուրադյանը ԵՊԲՀ ռեկտորն է, համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն արձագանքեց.

«Ուզում եմ մի բան ֆիքսենք. Հոգեբուժարանը առանձին, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հաստատություն է, հետևաբար իր գնումները ինքնուրույն է կազմակերպում: Լիազոր մարմնի ղեկավար հանդիսացող նախարարությունը  բացարձակ տեղեկացված չէ գնումներից»:

Հաստատությունն ունի իր ղեկավարը՝ հանձինս տնօրենի: Եթե պարոն նախարարը գտնում է, որ չարաշահումներ կան,  թող դրանցով զբաղվեն իրավապահները ՝ եզրափակում է աշխատակազմի ղեկավարը:

Back to top button