Միջազգային

Վրաստանում նախագահական ընտրությունների II փուլը՝ երկու շաբաթ անց


Երեկ Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որ ավարտվեցին երկրորդ փուլի նշանակմամբ, ցույց տվեցին, որ իշխող ուժի վարկանիշն իջել է։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նման կարծիք են հայտնել վրացի փորձագետները՝ կանխատեսելով նաև, թե ինչ ելքով է ավարտվելու երկրորդ փուլը։ 

Նկատենք, որ երկրորդ փուլ է նշանակվել այն բանից հետո, երբ ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընդհանուր ձայների 38․6 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն՝ 37․7 ը:

 

 

Անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունենալու։ Քաղաքական վերլուծաբանները սա տարբեր կերպ են մեկնաբանում։ Նիկա Չիտաձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ սա խոսում է երկրի ժողովրդավարություն մասին՝ նաև դաս դառնալով իշխանությունների համար․

«Եթե դու բարեփոխումներ չես անում երկրում ու սխալներ ես թույլ տալիս, որքան էլ հարստություն ու իշխանություն ունենաս, ժողովուրդը ավտորիտարիզմ թույլ չի տա»։

Նշում է փորձագետը՝ նկատելով, որ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժում»-ը դեռևս երկրի ամենաազդեցիկ ուժն է և եթե հասնի նախագահի աթոռին, երկրում արդեն երկրորդ անգամ կսկվի կոաբիտացիոն շրջանը, երբ երկրի նախագահն ու վարչապետը կլինեն տարբեր կուսակցություններից։

«Կլինի այնպես, ինչպես 2012-ին էր (խորհրդարանական ընտրություններից հետո), սակայն այս անգամ առավելություն կունենա ընդդիմությունը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որ պետք է տեղի ունենա ուղիղ երկու շաբաթ անց, շատ հնարավոր է, որ ձայների առավելություն գրանցի հենց ընդդիմադիր  թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին․ երրորդ տեղում գտնվող թեկնածու Դավիթ Բաքրաձեն արդեն հայտարարել է, որ երկրորդ փուլում պաշտպանելու է Վաշաձեին։

Նման սցենարի դեպքում երկիշխանություն չի լինում, կարծում է քաղաքական փորձագետ Պետրե Մամրաձեն՝ նշելով, որ նոր նախագահը ավելի քիչ իրավասություններ է ունենալու։

Մամրաձեն նկատում է, որ ոչ թե Սաակաշվիլիի կուսակցությունն է դիրքերն ուժեղացրել, այլ ժողովուրդը հիասթափված է իշխանություններից և քվեարկում էր միայն թե ոչ իշխանությունների օգտին։ Նրա կարծիքով, իհարկե պակաս դեր չուներ նաև այն, որ իշխանությունների աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին «անհաջող» թեկնածու էր։

«Սա շատ վտանգավոր է, որովհետև ինքը Վաշաձեն իրենից ոչինչ չի ներկայացնում, այլ Սակաշվիլիի և նրա քեռու՝ այստեղ հայտնի ԿԿԲ-ի գործակալ Թեմուր Ալասանովի դրածոն է»․

Մամրաձեն վերլուծելով ընդդիմադիր թեկնածու Վաշաձեի հավանական հաղթանակը, նշում է, որ պարզ է Սաակաշվիլիի ծրագիրը՝ «Իշխող «Վրացական երազանք»-ը կորցրել է լեգիտիմությունը, ուստի 2016-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են և հիմա պետք է նոր ընտրություններ անցկացնել»։

Սաակաշվիլին, որ այս պահին գտնվում է Ամստերդամում, վերջին շրջանում վրաստանյան նախագահական ընտրությունների հետ կապված ուկրաինական ներքաղաքական կյանքում մասնակցությունը խիստ նվազեցրել է և իր ֆեյբուքյան ուղիղ եթերներում շարունակում է պնդել, որ արդեն պատրաստվում է հայրենիք վերադառնալ։

Back to top button