Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Զոհրաբ Մնացականյանի, Դավիթ Տոնոյանի հետ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն է հայտնել մինչ այժմ այս առումով ձևավորված դրական դինամիկայի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու եռանախագահներն անդրադարձել են սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ դրանց կիրառական դրսևորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու խթանմանը:

Նախարար Մնացականյանը նշել է, որ արդիական է մնում ռազմատենչ և ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով, որ Երևանից հետո համանախագահները այցելելու են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու, դրանից հետո հնարավորություն կլինի առավել համապարփակ կերպով գնահատելու հետագա քայլերը:

Մինսկի խմբի համանախագահներին այսօր ընդունել է նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Զրուցակիցների խնդրանքով Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է սեպտեմբերին Դուշանբեում օպերատիվ կապի գործարկման վերաբերյալ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` հույս հայտնելով, որ համանախագահող երկրները ջանքեր կգործադրեն կողմերի միջև նախիջևանյան ուղղությամբ գործող կապի օրինակով օպերացիոն մյուս ուղղություններով ևս նմանատիպ կապի հաստատման ու գործարկման   ուղղությամբ:

Շեշտելով, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում բոլոր շարժերը, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ստեղծված պայմաններում անկյունաքարային նշանակություն ունի կողմերի միջև զինադադարի անվերապահ պահպանումը, միջադեպերի կանխարգելման և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Back to top button