Հասարակություն

Մյունխենի համաձայնագրից 80 տարի անց. ճամփորդական նոթեր

Մյունխենի համաձայնագրի ստորագրումը

Ամասիա Հովհաննիսյան
«Ռադիոլուրի» համար- Կարլովի Վարի 

 

Նախորդ  անդրադարձին  նշել  էի,  որ 100  տարի  առաջ՝ Առաջին  համաշխարհային  պատերազմից  հետո,   Վաշինգտոնի հռչակագրով Ավստրո-Հունգարիայի  փլատակներից հռչակվեց  նոր պետություն ՝ Չեխոսլովակիան: Այդ  երիկիրը Ավստրո-Հունգարիայից  ժառանգել  էր  բավականին  զարգացած  տնտեսություն, մասնավորապես ՝ ռազմարդյունաբերություն: Թերևս, սա էր պատճառներից  մեկը, որ  արդեն  30-ական  թվականների  կեսին հիտլերյան  Գերմանիան  լուրջ  նկրտումներ ուներ Չեխոսլովակիայի  նկատմամբ: Չեխոսլովակիայի  Սուդետների մարզը, որ սահմանակից  էր Երրորդ   ռեյխին, հիմնականում  բնակեցված  էր  էթնիկ  գերմանացիներով, որոնց  թիվն  այն ժամանակ մոտ  3 միլիոն էր: Բեռլինն սկսեց  խիստ մտահոգություն հայտնել նրանց  իրավունքների  իբր  խախտման, նրանց  դեմ  իբր  կիրառվող  ճնշումների  վերաբերյալ, որն  իհարկե  զուտ  պատրվակ  էր:


Չեխիայի պատմական երեք հոբելյանները. ճամփորդական նոթեր

Հարկ է նշել, որ 1938 թվականի գարնանը Գերմանիան արդեն  իրեն կցել էր Ավստրիան՝ ոտնահարելով Վերսալի ու Սեն  Ժերմենի պայմանագրերը, Ժնևի  արձանագրությունները: Ակնհայտ էր, որ Եվրոպայում  թևածում  էր  նոր  պատերազմի  վտանգը:  Եվ  ահա, Մեծ  Բրիտանիան, Ֆրանսիան  և  Իտալիան ցանկանալով, այսպես  ասած, խաղաղացնել Գերմանիային, 38-ի   աշնանը  Մյունխենում  ստորագրեցին  համաձայնագիր, ըստ  որի  Գերմանիային  հանձնվեց  Չեխոսլովակիայի  Սուդետների  մարզը՝  իր  բոլոր  կառույցներով  ու  պաշտպանական ամրություններով, հումքի  պաշարներով, հաղորդակցության  ճանապարհներով:


Գերմանական զորքերը՝ Պրագայում

Մեծ  Բրիտանիայի  ու  Ֆրանսիայի  ճնշմամբ՝  Չեխոսլովակիայի այն ժամանակվա  նախագահ Բենեշը, առանց   երկրի  խորհրդարանի  համաձայնության, ընդունեց  Մյունխենի  համաձայնագրով  թելադրված գործարքի պայմանները:  Բայց Սուդետների  մարզի  գրավումն  ընդամենը  Չեխոսլովակիայի  մասնատման սկիզբն էր: Արդեն  կես  տարի  անց  գերմանական  զորքերը  մտան  Պրագա՝ ավարտելով  այդ  երկրի  գրավումը:

Մյունխենի  գործարքն, ըստ  էության, Հիտլերի  ագրեսիվ  ախորժակին  հագուրդ  տալով, նրան  խաղաղեցնելու   քաղաքականության  գագաթնակետն  էր, որը, սակայն, հանգեցրեց  Եվրոպայում  ուժերի  հավասարակշռության  արմատական  փոփոխության, միջազգային   հարաբերությունների  կարգավորման Վերսալյան համակարգի  վերջնական  տապալմանը, որն էլ, վերջին  հաշվով, հանգեցրեց   2-դ  համաշխարհային  պատերազմի  սանձազերծմանը:  Մյունխենի  գործարքից  արդեն  մեկ  տարի  անց  Գերմանիան  տիրել էր գրեթե ամբողջ Եվրոպան:

Այնինչ, Մյունխենից  վերադառնալուն  պես Մեծ  Բրիտանիայի   վարչապետ  Նևիլ  Չեմբերլենը Լոնդոնի  օդանավակայանում, թափահարելով  դիմավորողների առաջ  համաձայնագիրը, որի  վրա  նրա  ստորագրության  կողքին  նաև  Գերմանիայի  ռեյխսկանցլեր  Հիտլերի  ստորագրությունն էր, հայտարարեց. «Ես բերել եմ մեր ժամանակների խաղաղությունը»:


Չեմբերլենը՝ Լոնդոնի օդանավակայանում

Բայց  Մյունխենի  գործարքի  նշանակությունն  ու  հետևանքներն այսօր էլ այժմեական են, այսօր էլ լրջորեն  վտանգված է միջազգային անվտանգության այն համակարգը, որը ձևավորվել  էր  2-րդ  համաշխարհային պատերազմից  հետո, որն ամրագրվել  էր  1975  թվականի  Հելսինկյան  ակտով, և  որը 70-ական  թվականներին Արևելքի ու Արևմուտքի  միջև  սկսված լիցքաթափման  արդյունքն էր:

Ինչ  վերաբերում  է  հետպատերազմյան  Չեխոսլովակիային, ապա 2-րդ  համաշխարհային  պատերազմից՝ Գերմանիայի  ու նրա  դաշնակիցների  լիակատար  ջախջախումից հետո, Պրագան բարձրացրեց   Մյունխենի  համաձայնագրի  հակաիրավական  բնույթի ու այն  չեղարկելու  հարցը: 1973  թվականին Չեխոսլովակիայի ու ԳՖՀ-ի  միջև  կնքվեց  պայմանագիր, որով  Մյունխենի համաձայնագիրը ճանաչվեց  առ  ոչինչ:

Այսօր, օրինակ, հետսոցիալիստական  Չեխիայի Կարլովի  Վարի՝ Եվրամիության  բարեկեցիկ, գեղեցիկ առողջարանային քաղաքի անթիվ  ու  անհամար  սրճարաններում, գարեջրատներում, հատկապես շաբաթ  և  կիրակի  օրերին, հարյուրավոր  գերմանացիներ աշխարհի  տարբեր  երկրներից՝ այդ  թվում  նաև  հետխորհրդային  երկրներից  ժամանած  զբոսաշրջիկների հետ  իրենց  հանգիստն  են  վայելում՝ ըմբոշխնելով  հյուրընկալ  տանտերերի  հիասքանչ  գարեջուրն  ու խորտիկները:

Բայց մինչև  այս  նոր  իրականությունը, երկիրը  պետք  է  անցներ  ևս  մի  ողբերգական  փորձությունով: Խոսքը  1968  թվականի  մայիսի մասին է, երբ  խորհրդային  զորքերը մտան  Չեխոսլովակիա: Բայց դրա մասին՝  մեր  հաջորդ  անդրադարձին:

Ցուցադրել ավելի
Back to top button