Հասարակություն

Գաստրոփառատոն` Հայաստանի ճանաչման ուղիղ ճանապարհը

Նոյեմբերի 1-6-ը Հայաստանում տեղի կունենա «Երեւան Ֆուդ Ֆեստ» միջազգային գաստրոփառատոն: Այդ առթիվ Հայաստան կժամանեն տարբեր երկրներից ոլորտի փորձագետներ, հայտնի շեֆ-խոհարարներ: Այս փառատոնը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ այն լավ առիթ եւ ճանապարհ է՝ մեր երկրի մշակույթի եւ պատմության մասին օտարներին պարզ ու հասկանալի տեղեկություններ փոխանցելու:

Այս տարվա «Երեւան Ֆուդ Ֆեստ» փառատոնի գլխավոր թեման Երեւանի 2800-ամյակն է եւ քաղաքային գաստրոմշակույթի զարգացումը: Չնայած դրա՝ փառատոնին ներկայացված են լինելու նաեւ Հայաստանի որոշ մարզեր՝ իրենց գաստրոյուրահատկություններով:

 

Ո՞վ կգա Հայաստան՝ ուտելու համար: «Երեւան Ֆուդ Ֆեստ» փառատոնի հիմնադիր-կազմակերպիչ, գաստրոտուրիզմի փորձագետ Աննա Մազմանյանը վստահեցնում է՝  նախորդ տարի կայացած առաջին փառատոնի արդյունքներից եզրահանգել են, որ ոչ միայն ռեստորանային ուտեստներին ծանոթանալու համար Հայաստան գալու հետաքրքրություն բավականին կա:

Փառատոնը խթանելու է Հայաստանի գաստրոտուրիզմի զարգացումը՝ ասում է հիմնադիր-կազմակերպիչը՝ հավելելով, որ այն նաեւ առիթ է Հայաստանի գաստրոտուրիզմի հնարավորություններն ու յուրահատկությունները միջազգային հարթակներում ներկայացնելու:

ՍԱՊԾ սննդամթերքի որակի անվտանգության եւ վերահսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի կարծիքով՝ մեր երկրում նման միջոցառումներին խոչընդոտող որեւէ հանգամանք չկա եւ չի կարող լինել:

Աննա Մազմանյանը համոզված է, որ նման միջոցառումը կնպաստի, որ ռեստորաններն ու շեֆ-խոհարարները միջազգային կապեր հաստատեն:

Գաստրոփառատոնն այն ուղիղ ճանապարհներից մեկն է, որ օժանդակում է գյուղատնտեսական արտադրական հզորությունների զարգացմանը, նպաստում գյուղական, ֆերմերային տնտեսությունների եւ ռեստորանային բիզնեսի ուղիղ փոխգործակցությանը՝ թվարկեց հիմնադիր-կազմակերպիչը:

Շեշտեց նաեւ, որ իրենց առանցքային խնդիրներից մեկն էլ Հայաստանի մարզերի գաստրոնոմիկ ձեռքբերումներն արտահանելն է եւ այս ոլորտում միջազգային հարթակում առաջատար դիրքեր ստեղծելը:

Ցուցադրել ավելի
Back to top button