Հասարակություն

Առանց հիմքերի իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահվող անձն ազատ է արձակվել. ՄԻՊ

Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում, հայտնում են ՄԻՊ-ից։

Այս կապակցությամբ, երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոգեբուժարանում պահվող այդ անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահելու իրավական հիմքերի հարցը՝ հարկադիր բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում:

Պարզվել է, որ անձը հոգեբուժարանում պահվում է առանց հիմքի և հետևաբար՝ նրա գտնվելն այնտեղ անօրինական է:

Ուստի, պահանջվել է անհապաղ ազատ արձակել հոգեբուժարան տեղափոխված անձին: Արդյունքում, վերջինս իր մերձավոր ազգականի ուղեկցությամբ լքել է հաստատությունը:

Ներկայում Պաշտպանի աշխատակազմում կազմվում է խախտման համապատասխան որոշում:

Ցուցադրել ավելի
Back to top button