ԿարևորՀասարակություն

Գազի սակագնի հարցը՝ քննարկման փուլում


Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովն այսօր երկրորդ նիստն է հրավիրել:

Քննարկվել են աշխատակարգին վերաբերող հարցեր, հանձնաժողովականները փորձել են հստակեցնել այն ժամանակացույցը, որով փորձելու են  ավարտին հասցնել իրենց ուսումնասիրությունը: Տարեվերջին հայկական ու ռուսական կողմերը քննարկելու են  հաջորդ տարվա ընթացքում գազի սակագնի հարցը:

Նպատակը մինչև բանակցությունների մեկնարկը սակագնի վերանյման փաստարկված հիմնավորումներ ներկայացնելն է:

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու  նպատակով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովն արագացված ընթացակարգով աշխատելու երկու հիմնավոր պատճառ ունի. գործող  խորհրդարանին աշխատաելու քիչ ժամանակ է մնացել ու  հանձնաժողովը պետք է փորձի իր ուսումնասիրությունն ավարտել մինչև այս Ազգային ժողովի  լիազորությունների ավարտը: Բացի դրանից ՝ տարվերջին հայկական ու ռուսական կողմերը քննարկելու են  հաջորդ տարվա ընթացքում  գազի սակագնի հարցը: Հանձնաժողովը  մինչև բանակցությունները պետք է սեղանին դնի իր ուսումնասիրության արդյունքը:

«Մեր խնդիրն է, որ մենք կառավարության տանք հիմնավորված, համարաժեք փաստարկներ բանակցությունների գնալուց առաջ»:

Ասում է  խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա կարծում է, որ մտահոգության տեղիք տվող և վերանայման կարքի ունեցող լուրջ խնդիրներ կան 2013-ին  Ազգային ժողովի կողմից վավերացված գազային համաձայնագրերում: Հենց դրանցով են սահմանվել, այսպես ասենք, հայ-ռուսական գազային համագործակցության հիմնական կանոններն ու պայմանները:

«Պայմանագիրը լավատեսության տեղիք չի տալիս: Նվաստացուցիչ դրույթներ կան այդ պայմանագրում: Խոսքը, օրինակ, «Գազպրոմ Արմենիայի»`9 տոկոսանոց ներքին եկամտաբերության պահանջի մասին է»:

Եթե 2013-ի պայմանագրի որոշ դրույթներ ու  դրանից բխած հետագա որոշ իրավակարգավորումներ չվերանայվեն, ապա հնարավոր է որ 2019-ին գազի սակագինը բարձրանա: Սա վատատեսական սցենարն է,  ու Միքայել Մելքումյանը հույս ունի, որ հնարվոր կլինի գնալ ոչ այդ սցենարով:  Հուսադրող է համարում վարչապետի  այն դիտարկումը, թե  ռուսական կողմը հակված է քննարկել խնդրահարույց դրույթները ու հաշվի նստել :

«Պուտինը շահագրգիռ է իջեցում անել, բայց փաստաթղթավորված պետք է իրեն տրվի»:

Իսկ ռուսական գազի հայկական ֆենոմեն, այն կետում է, որ   սպառողներին մատակարարվող գազի գինը գրեթե կրկնակի բարձր է սահմանային գնից.  Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով։  Սպառողին այն հասնում է համարյա  290 դոլարով:

Գինն ավելացնում են հարկերը, տեղափոխման, բաշխման ծախսերը, կորուստները:   Փորձագետները  համոզված են, որ գազի սակագնի նվազման հնարավորությունները հենց այդ միջակայքում են:

«100 տոկոս վերադիրը կամ այն, որ սահմանի գինը մինչև սպառողին հասնելը կրկնապատկում է,  աբսուրդի ժանրից է»:

Դիտարկումը տնտեսագետ Ատոմ Մարգարյանինն է: Համամետության համար նա Բելառուսի օրինակն է նշում:  Ի դեպ, թեև ՌԴ նախագահն ասել էր, որ Հայաստանին ամենաէժան գազն է մատարակարարվում, բայց Ատոմ Մարգարյանի խոսքով՝ Բելառուսին գազն ավելի էժան է տրվում:

«Բելառուսական սահմանին ռուսական 1000 խորանարդ մետր գազը վաճառվում է 129 դոլարով, սպառողին հասնում է 160-162 դոլարով: Ստացվում է բաշխիչ ցանցը գինն ավելացնում է ընդամենը 20 տոկոսով: Եթե այս տրամաբանությունից ելնենք, Հայաստանում գազը պետք է արժենար 180-190 դոլար, այսինքն՝ 100 դոլարով պակաս, քան այսօր հաստատված սակագինն է»:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահն էլ իր հաշվարկներն ունի:

«Գազի սակագինը 5 դրամով`139-ից 134-ի իջեցնելու համար, 17 միլիարդ է պետք, իսկ որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինն իջնի 5  դրամով, համակարգում 27 միլիարդ դրամ է պետք: Այս շղթայում պետք է խնայողություններ գտնել ու այնպես չէ, որ այդ խնայողություններն անհնար են»:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովը փորձելու է գտնել հենց այդ խնայողությունների տեղերն  ու այն հիմնավորումները, որոնք կօգնեն կառավարությանը բանակցել սակագնի շուրջ:

Back to top button