Հասարակություն

Տուգանքների նոր չափեր ու տուգանման նոր մեխանիզմ` վարորդի համար. վարորդականից ավելի հաճախ կզրկվեն


Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան հարյուրավոր զոհերի ու հազարավոր տուժածների մտահոգիչ վիճակագրությունը ոտիկանությանը ստիպում է օր առաջ իրավիճակը փոխելու քայլեր ձեռնարկել:

Քայլերից հերթականն է ձեռնարկվել. վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որը ենթադրում է բալային համակարգի ներդրում վարորդների համար:

Իրավապահները եկել են եզրակացության, որ նոր` բալային համակարգ ներդնելով կարող են վարորդների վարքագծում փոփոխություն կատարել ու նրանց ավելի օրինապահ դարձնել:  Առաջարկվում է վարչական տույժի նոր տեսակ սահմանել,  որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում»-ը: Տուգանային միավորները կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձանց նկատմամբ:  Զրուցակիցս Հովհաննես Ներսիսյանն է` տաքսու վարորդ: Առաջարկվող փոփոխությունների մասին ոչ միայն հասցրել է տեղեկանալ, այլեւ դրանից կոնկրետ սպասելիքներ ունի: Ասում է` ամեն օր իր կողքին խախտումներ անող ու վթարի պատճառ ստեղծող վարորդներին դա կսթափեցնի:


Սպասվող փոփոխությամբ նախատեսվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից 1 տարվա կտրվածքով վարորդին տալ 9 միավոր: Երթևեկության կանոնները խախտած վարորդների այս 9 միավորն աստիճանաբար կսկսի նվազել: Կախված երթևեկության կանոնների խախտման վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլն՝ այդ 9 միավորը կնվազեցվի 1 կամ միանգամից մի քանի միավորով: Միավորների զրոյացման կամ մի շարք խախտումների դեպքում կզրկվի վարորդական իրավունքից 1-ից մինչեւ 6 ամսով կամ ավելի երկար: Որոշ խախտումների դեպքում տուգանքի փոխարեն միանգամից կկիրառվի վարորդական իրավունքից զրկում: Եթե վարորդը սթափ չէ, կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարով: Թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարողը կզրկվի վարորդական իրավունքից 2 տարով: «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խստացման առումով վերապահում չունի:

Վարորդական իրավունքից զրկում ենթադրելու է նաեւ տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ, հատուկ ձայնային ազդանշան տեղադրելը եւ այլ կոպիտ խախտումներ: Տարատեսակ այլ խախտումների դեպքում փոխվելու են տուգանքների չափերն ու կիրառվելու են տարբեր միավորներ: Փոփոխությունների նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման: Ոստիկանությունը մինչեւս այս ամսվա վերջ շահագրգիռ անձանցից սպասում է առաջարկներ` այն ամբողջացնելու եւ հաստատման ուղարկելու: Իսկ վարորդներն այս ընթացքում պետք է հասցնեն ծանոթանալ ու թերեւս նաեւ սերտել` որ խախտման դեպքում իրենց ինչ է սպասվում ու իրենց միավորները որքանով կպակասեն: Ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությունն է ստիպում առավել զգոն լինել ղեկին:

Back to top button