Հասարակություն

Տիգրանակերտի թանգարանից գողացված դրամը իրավապահները չեն գտել

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Արցախի Տիգրանակերտի թանգարանից այս տարվա սեպտեմբերի 27-ին անհետացել էր 2010 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերված Միհրդատ Երրորդի արծաթյա դրամը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Արցախի ոստիկանության կողմից, սակայն առայժմ որեւէ առաջընթաց չկա: Դրամն այդպես էլ չի հայտնաբերվել:

 

 

Մասնագետներն ասում են, որ պարթեւական Միհրդատ Երրորդի արծաթյա դրամը սեւ շուկայում այնքան էլ մեծ արժեք  չունի, եւ  դժվար թե նրա գինը գայթակղեր գողին: Դրա արժեքն այն է, որ հայտնաբերվել է հենց Տիգրանակերտում եւ այն թանկ է հենց Տիգրանակերտի համար:

Ինչն է եղել  անհայտ անձի շարժառիթը՝ դժվար է ասել, բայց ոստիկանները ոչ նրան, ոչ էլ դրամն առայժմ չեն հայտանբերել:

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ դրամի գողությունը  եզակի դեպք է Արցախի թանգարանների համար:

Վերջին 10 տարիներին թանգարանային գողության որեւէ դեպք չի գրանցվել: Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը «Ռադիոլուրին» ասաց, որ  իրենց թանգարանում  նմուշների անհետացման վերջին դեպքերը եղել են պատերազմի օրերին, այսօր ցուցանմուշները, չնայած տեխնիկական հնարավորությունների սղությանը, պատշաճ ձեւով պահպանվում են:

Տիգրանակերտի թանգարանում մինչեւ գողության դեպքը պահպանությունն անհնար էր մի շարք պատճառներով։ Նախ՝ թանգարանը բնակավայրերից հեռու է, երկրորդ՝ աշխատողների պակաս կա:

Դեպքից հետո անվտանգության համակարգն ուժեղացվել է, թանգարանի ներսում տեղադրվել են տեսավերահսկման սարքեր։ Այդպիսիք կան Արցախի հայտնի  թանգարաններում եւ պատկերասրահներում՝ վստահեցնում է նախարարը: Ցուցանմուշների անվտանգությունն է, որ հնարավորություն է տալիս ցուցադրել օտարերկրյա հայտնի արվեստագետների աշխատանքները:

Նախարարը վստահեցնում է, որ այսուհետ թանգարանային ցուցանմուշների վկայագրման գործին զուգընթաց մշտադիտարկում է իրականացվելու` նաեւ հավաքածուների ապահովվածությունը  ստուգելու նպատակով:

Back to top button