Տնտեսական

ԱՎԾ-ն արտահանման ծավալների նվազում է գրանցել. մասնագետները՝ զսպող գործոնների մասին

Ազգային Վիճակագրական Կոմիտեի տվյալներով՝ 2018-ի սեպտեմբերին 2017-ի համեմատ Հայաստանում արտահանման ծավալների նվազում է գրանցվել: Սրան զուգահեռ, դրամի թուլացում է նկատվում:

Մասնագետների մի մասն արդեն ահազանգ է հնչեցնում: Կառավարությունն էլ շարունակում է տնտեսական կառուցվածքի փոփոխության մասին խոսել:

Հայաստանի արտահանման կառուցվածքում մոտ 30 տոկոսը հանքահումքային, հաջորդ տեղերում՝ պատրաստի արտադրանքն է՝  խմիչք, սիգարետ, պահածոներ ու ոչ միայն: Հայաստանը արտադրանքի հիմնական մասն արտահանում է ԵԱՏՄ ու հատկապես՝ ՌԴ, մյուս մասը ՝ ԵՄ երկրներ:

Վերջին շրջանում արտահանման  աշխարհագրությունը փոքր ինչ ընդլայնվել է: Մեկ տարվա ընթացքում արտահանման տեմպերը զգալիորեն նվազել են:

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ,  վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը Ռադիլուրի հետ զրույցում նշում է.

«Նվազման հետևանքները՝ հիմնականում հանքարդյունաբերությամբ, գաղտնիք չի, որ արտահանումը մեծ կախվածություն է ունեցել հանքահումքային ռեսուսրներից, Թեղուտը չի շահագործվում: Սա իր ազդեցությունն ունի»:

Տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանն էլ իր հերթին է ընդգծում ՝ արտահանման մեջ գյուղատնտեսական ապրանքները սեզոնային բնույթ են կրում:

Արտահանման ծավալների նվազմանը զուգահեռ դրամի վրա որոշակի ճնշումներ են նկատվում: Տնտեսագետ Մանուկյանը, նկատում է՝  հավելյալ արտարժույթ է գեներացվում: Միաժամանակ չի կարծում, որ այն ահագնացող է.

«Ինչպես անել, որ որ մի ուղղության թուլացումը լրացնել այլ ուղղություններով: Կարծում եմ, որ թեթև արդյունաբերությունը կարող է հանդիսանալ այն ուղղությունը, որը որոշակիորեն զսպի ռիսկերը: Ինչքան է ազդեցությունը, արդյո՞ք ահագնացող է, որ կարող ենք խոսել դրամի թուլացման կամ գահավիժման մասին: Ճիշտ է որոշակի արժեզրկում նկատվում է, սակայն, կառավարելի են, խուճապային միտումների չեմ կարծում, որ կհանգեցնի»:

Փոխարժեքի վրա կարող է ազդել ինֆլացիայի մակարդակը, ասում է Հայկ Մնացականյանը: Բացի այդ, վճարային հաշվեկշռի կառուցվածքը նույնպես կարող է ազդեցություն ունենալ:

Այդուհանդերձ, եթե  դրամի վրա ճնշումները մեծանան, ապա մասնագետները ներմուծվող ապրանքների թանկացում են կանխատեսում: Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը կարծում է, որ  այս դեպքում մակրոտնտեսական միջավայրը իր վրա որոշակիորեն ճնշում կզգա: Նման խորքային ճնշումներ 2018-ի համար պետք չի ակնկալել:

«Դրամի գնողունակությունը կարող է խաթարվել, քանի որ ապրանքաշրջանառության կամզում ներմուծումը մեծ կշիռ ունի, սա նշանակում է, որ ներմուծվող ապրանքների գները այլ հավասար պայմանենրում կթանկանան»:

Հայաստանի կառավարությունը որդեգրել է տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր էլ խորհրդարանական ամբիոնից  հաստատեց այս  տեսակետը:

Տնտեսությունը պատրաստ է տնտեսական մոդելի փոփոխության,- ասում է Ռադիոլուրի զրուցակիցը՝  վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն ու նկատում.

«Եթե դու  որդեգրում ես քաղաքականություն, պետք է համակերպվես, որ կարճ ժամանակում դու չես ստանալու այն թվացյալ օգուտները, հատկապես արտարժույթի տեսքով, որը ստանում ես այս ոլորտից, պետք է միջոցառումներ սկսես իրականացնել: Այստեղ ակնհայտ է, որ այն նույնիսկ մեկ տարվա արդյունք չի»:

Կարճաժամկետ հատվածում տնտեսական ցուցանիշերի վատթարացում,- կանխատեսում են մասնագետներն ու խոստովանում տնետսական կառուցվածքի փոփոխության համար տարիներ են պահանջվելու:

Back to top button