Հասարակություն

Ինչու չտպագրևվեց Երևանի 2800-ամյա պատմությունը ներկայացնող գիրքը

2800-ամյա Երևանի հոբելյանի կապակցությամբ գիտական հասարակությունը երևանցիներին որպես նվեր պատրաստել է Երևանի 2800-ամյա պատմությունը ներկայացնող գիրք:

Գիրքը պատրաստ է, սակայն դեռևս չի հանձնվել ընթերցողի դատին: Որոնք են դեռևս տպագրատուն չմտնելու պատճառները և երբ է նախատեսվում այն դնել ընթերցողի սեղանին:

Երեք տարի առաջ Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը քաղաքային իշխանությանն առաջարկեց Երևանի պատմության վերաբերյալ նոր գրքի անհրաժեշտության մասին: Նախաձեռնությունն ընդունվեց: Ընդգրկվեցին մի շարք պատմաբաններ, որոնք  իրենց ժամանակաշրջանի վերաբերյալ ունեն  գիտական աշխատություններ:

Պատմաբան Թաթիկ Հակոբյանի հեղինակած Երևանի պատմության քառահատորյակը, որը ներկայացնում է հնագույն ժամանակներից մինչև խորհրդային ժամանակները, անհրաժեշտ էր շարունակել: Եվ գիտական խումբը ներկայացրեց   նախնադարյան  ժամանակներից մինչև մեր օրերը՝ թավշյա հեղափոխությունը ներկայացնող  Երևանի պատմությունը: Գրքի հեղինակներից պատմաբան Աշոտ Մելքոնյանը «Ռադիոլուրի» հետ  զրույցում նշեց, որ այս գիրքը գիտնականից բացի  ունի նաև քաղաքական ասպեկտ:

«Մեր արևելյան հարևանները ուղղակի արշավ են սկսել Երևանի և արևելյան Հայաստանի դեմ: Պետական մակարդակով  արշավ են սկսել, որ ոչ միայն Երևանն է իբրև թե եղել  ադրբեջանական քաղաք, այլ Արևելյան Հայաստանն իբրև  Արևմտյան Ադրբեջան»:

Գրքում անդրադարձ է կատարվում, թե ովքեր են ապրել Երևանում և արդյո՞ք  ադրբեջանական  պատմաբանների պնդումները, թե ադրբեջանական էթնոսը մեծամասնություն է կազմել այս տարածքում, համապատասխանում է իրականությանը:

«Այս գրքում մենք արմատապես շրջել ենք այդ կեղծ կոնցեպցիան: Մանավանդ այն հեքիաթը, որ իբր Ռևան խանը, որը շահ Իսմայիլի մոտ ծառայության մեջ է եղել և խաներից մեկն է եղել, որին 1415 թվականին ուղարկել է Պարսկաստանից Արևելյան Հայաստան և նրա կենտրոն Երևանի այս տարածքը: Այստեղ իբրև նա հիմնադրել է Երևանի այդ բերդը իր անունովս կոչելով Ռևան, Երևան»:

Նշենք նաև, որ 2011 թվականին Ադրբեջանը նույնիսկ պաշտոնապես նշեց Երևանի բերդի հիմնադրման 500-ամյակը: Գիրքն ունի երկու տարբերակ՝ գիտական և հանրամատչելի: Երկրորդ տարբերակը նախատեսված էր տպագրել մի քանի լեզուներով: Այս տարվա մայիսին գիրքը պատրաստ էր տպագրության և այն պետք է Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ բաժանվեր հյուրերին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց գրքի հեղինակներից Ամատունի Վիրաբյանը:

«Իմ տեղեկությունների համաձայն՝ դա գտնվում էր արդեն տպարանում  և պետք է պատրաստ լիներ: Եվ տեսնում եմ, որ պատրաստ չի և ավելի մանրամասներ չգիտեմ»:

Քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանից, ով եղել է նման գիրք կյանքի կոչելու նախաձեռնողներից,  «Ռադիոլուրը» հետաքրքրվեց  գրքի ճակատագրով: Վերջինս փոխանցեց, որ գիրքը ներառված  էր «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակներում  իրականացվող միջոցառումների ցանկում:

«Ծրագրում կար գրքի երեք տարբերակներն էլ, սակայն հետո ծրագիրը կրճատվեց (ես չեմ կարող ասել ինչ պատճառով) և այդ գրքերի հրատարակությունը կրճատվեց  ու  հանվեց ծրագրից: Այն դեպքում, որ գիրքն ավարտված էր և տպարանի հետ կար պայմանավորվածություն: Բայց ուշացավ: Հիմա անհանգստությունս փարատվեց նրանով, որ այսօր ինձ հայտնեցին, որ գրքի հրատարակման համար նախատեսված գումարը տրամադրվելու է և ես կարող եմ արդեն տպարանին տեղեկացնել, որ սկսի տպագրությունը»:

Առաջիկայում կտպագրվի գրքի հանրամատչելի տարբերակը, իսկ գրքի մյուս մասերի տպագրության վերաբերյալ դեռևս բանակցություններ են ընթանում։

Ցուցադրել ավելի
Back to top button