Քաղաքական

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. օրակարգում ԸՕ բարեփոխված փաթեթն է

Երեկվա տապալումից հետո ԸՕ-ի փոփոխությունների շուրջ խմորումները խորհրդարանում դեռ չեն ավարտվել: Դեռեւս կա հնարավորություն, որ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կազմակերպվեն նոր ԸՕ-ով:

Նոր քննարկումներն ապահովելու համար այսօր խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ աշխատանքներ էին ծավալվում ԱԺ միջանցքներում եւ պատգամավորների աշխատասենյակներում:

 

ԱԺ-ում կան մարդիկ, որոնք համոզված են՝ ԸՕ-ի բարեփոխումների երեկվա տապալումը՝ 7 ձայնի տարբերությամբ նախագծի մերժումը, լիովին այն պատգամավորների մեղքն է, որոնք նախապես տվել էին կողմ քվեարկելու խոստումներ, բայց վերջին պահին այդպես էլ իրենց խոսքի տերը չեղան:

Այդ մարդկանց «տեղը» այսօր խորհրդարանում ցույց էր տալիս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ իհարկե, նաեւ նկատի ունենալով հենց հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած պատգամավորներին:

Այսօր առավոտվանից խորհրդարանում ստորագրահավաք էր: Այս պահին արդեն հստակ է՝ ստորագրություններ հավաքվել են նվազագույնից ավելի եւ երկուշաբթի կրկին գումարվելու է խորհրդարանի արտահերթ նիստ, արդեն պատգամավորների նախաձեռնությամբ եւ օրակարգում կրկին մեկ հարցով՝ ԸՕ-ի բարեփոխված փաթեթով:

Ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար

«Ծառուկյան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացավ «Ելք» խմբակցությունը, հանրապետական խմբակցությունից մի քանի պատգամավոր, դաշնակցականները հրաժարվեցին միանալ, թեեւ երեկ կողմ էին քվեարկել նույն փաթեթին: Ստորագրահավաքի ձեւաթղթով պատգամավորներին մոտենում էր Նաիրա Զոհրաբյանը եւ դաշնակցականները նրան են փոխանցել ստորագրահավքին չմիանալու հիմնավորումները:

Այսպիսով՝ հավաքված ստորագրություններով երկուշաբթի խորհրդարան բերվող ԸՕ-ի բարեփոխումների նույն փաթեթի համահեղինակները դարձան «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները: Սա չնայած նրան, որ դեռ առավոտյան այս խմբակցությունների անդամները փորձում էին հասկանալ երեկվա տապալման պատճառները: Պարզաբանումներն սկսեց Տիգրան Ուրիխանյանը: Նա արդեն հայտարարել է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում այլեւս «Ծառուկյան» դաշինքով չի գնալու, այլ իր ղեկավարած «Ալյանս» կուսակցությունով: Գործընկերոջ մեղադրանքներին ստիպված էր պատասխանել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Խնդիրն այն է, որ երեկ վճռորոշ քվեարկության ժամանակ «Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավոր այդպես էլ չմտավ դահլիճ եւ չմասնակցեց քվեարկությանը: Նաիրա Զոհրաբյանն այսօր ստիպված էր պարզաբանումներ տալ, թե ինչ էր դա նշանակում:

Հանրապետականից շատերը երեկ պարզապես չէին եկել մասնակցելու ԸՕ-ի փոփոխությունների քննարկմանը: Եկածներից մի քանիսը՝ սկզբունքներից ելնելով, պարզապես չէին քվեարկել: Երեկ եւ այսօր խորհրդարանի թե դահլիճում եւ թե միջանցքներում շատ հնչեց «սաբոտաժ» բառը, որը տեղին չի համարում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԸՕ-ի փոփոխությունների փաթեթը երկուշաբթի արտահերթ նիստով խորհրդարան բերող պատգամավորները համոզված են, որ ժամանակը լիովին բավարար է նախագիծն ընդունելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նոր օրենսգրքով գնալու համար: Ինչո՞ւ չի կարող կրկնվել երեկվա պատկերը՝ հարցին պատասխանելիս Նաիրա Զոհրաբյանը պարզապես վկայակոչում է «վերջին շրջանում իր խիստ լավատեսությունը»: Ինչով է դա պայմանավորված՝ փակագծերն արդեն չի բացում:

Back to top button