Քաղաքական

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Այս մասին իր ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

«Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,- ասել է Լենա Նազարյանը:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե վաղը Ազգային ժողովի նիստում վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին։

Back to top button