ԿարևորՔաղաքական

Փաշինյանն առաջադրվել է չընտրվելու կանխավարկածով

Ազգային ժողովի  «Ելք» խմբակցությունը  որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այսօր լրացել է ԱԺ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածուներ առաջադրելու Սահմանադրությամբ  նախատեսված յոթնօրյա ժամկետը:

Օրենսդրության պահանջով՝  վաղը ԱԺ հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: «Ելքի» պատգամավորները խորհրդարանին  այս անգամ կհորդորեն Նիկոլ Փաշինյանին չընտրել վարչապետի պաշտոնում:  Առաջադրումն արվել  է ՝ սահմանադրական ընթացակարգերը պահպանելու  համար:   

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին և բացատրել՝ իր հրաժարականն   ԱԺ լուծարմանը հասնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ օրիանական ճանապարհն է:

Ազգային ժողովի՝ վաղը հրավիրվելիք հատուկ նիստում որպես վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական  ամբիոնի մոտ կկանգի 3-րդ անգամ: Առաջինը մայիսի 1-ին  էր: Փաշինյանը  խորհրդարանական փոքրամասնության  թեկնածուն էր,  վարչապետի  պաշտոնում չընտևրվեց: Երկրորդ անգամ ՝ մայիսի  8-ին, ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ դարձավ Հայաստանի 16-րդ վարչապետը:

Այդ ընտրությունից շուրջ 6 ամիս անց ՝ Նիկոլ Փաշինյանը դարձյալ վարչապետի թեկնածու է, այս անգամ, սակայն,  առաջադրվել է չընտրվելու կանխավարկածով:

«Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը  բացատրում է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն առաջադրվել:

«Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն  է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն»:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել՝  գործող խորհրդարանի լուծարման ու  արտահերթ ընտրությունների անցկացման իրավական ճանապարհն   ապահովելու համար: Սահմանադրության 149-րդ հոդվածով ամրագրվում է, որ 2 անգամ անընդմեջ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանն արձակվում է իրավուքնի ուժով: Հոդվածի 3-րդ կետը,  սակայն,  իրավական տարընթերցումների առիթ էր  դարձել: Այն սահմանում է, որ վարչապետի երկրորդ ընտրությունն անցկացվում է  առաջին փուլում վարչապետ չընտրելուց հետո, քվեարկությունից յոթ օր անց: Այս ամրագրումը  շատ մասնագետների հիմք էր տալիս պնդելու, որ ֆորմալ առումով թեկնածու առաջադրելն ու քվեարկություն կազմակերպելն անհրաժեշժտություն է:

Մինչև երեկ «Ելք»-ը դեռ որոշում չուներ, թե որ ճանապարհով կգնա,Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ծանրակշիռ համարում էր իրավական այն թևի կարծիը, ըստ որի՝ ֆորմալ առաջադրում անելն անհրաժեշտ  նախապայման չէ:

«Ելք»-ն այսօր արդեն որոշում ունի՝  պահպանել  Սահմանադրության տառն ու ոգին և  ֆորմալ թեկնածու առաջադրել: «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը մտավախություն չունի, որ  Նիկոլ Փաշինյանի  չընտրվելը սխալ կընկալվի հանրության կողմից:

«Ինչու պետք է սխալ ընկալվի, մենք ամեն ինչ բացատրել ենք»:

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Իսկ ինչ կլինի, եթե Հանրապետականն, օրինակ, որոշի կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը:

«ԱԺ-ում չկա մի այնպիսի ուժ, որը վաղը  53 կողմ ձայնով կարող է կազմակերպել ՀՀ վարչապետի ընտրությունը: Ես վստահ չեմ, որ ՀՀԿ-ն ցանկության պարագայում կարող է ապահովել անհրաժեշտ 53 ձայնը: Դա կլինի ոչ խելամիտ քայլ: Ես ևս չեմ պատրաստվում քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին»:

ԲՀԿ-ն ևս  չի մասնակցի վաղվա քվեարկությանը, հավատարիմ կմնա ստորագրված հուշագրին՝ վստահեցնում  է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք  չենք քվեարկի և թույլ կտանք, որ  իրականանա այն քաղաքական օրակարգը, որը ներակայացված է, այսինքն՝ երկու անգամ չի ընտրվում վարչապետ, և ԱԺ-ն լուծարվում է»:

Իսկ Դաշնակցությունում  դեռ որոշում չունեն, թե ինչպես են  քվեարկելու։ Արմեն Ռուստամյանն ասում է ՝ գործընթացները խափանելու մտադրություն չունեն, բայց լուրջ երկընտրանքի առջև են:

«Կորոշենք՝ ինչ պետք է անենք այս պարագայում։ Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը կարող է, ասենք՝ ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, թե մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք։ Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ որն է ճիշտը»:

ՀՀԿ-ն առայժմ չի շտապում բացել բոլոր փակագծերը: Արա Բաբլոյանն ընդահնուր առմնամբ խոստանում է՝ ցնցումներ չեն լինի:

Վաղվա քվեարկությունից հետո կսկսվի վարչապետի ընտրության երկրորդ շրջափուլը: Եվս մեկ անգամ վարչապետի թեկնածության հարց կքննարկվի նոյեմբերի 1-ին: Այդ անգամ էլ  վարչապետ չընտրելուց հետո  Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով, բայց կշարունակի իր լիազորությունները՝ մինչև նոր Ազգային ժողովի կազմավորումը:

Ցուցադրել ավելի
Back to top button