Հասարակություն

Հերոսներն անմահանում են

Նորօրյա հերոսների անունն անմահանում է նրանց հիշատակը վառ պահելով: Արարատ Խանոյանը 2014թ հուլիսի 31-ին դիվերսիոն հարձակման զոհերից է:

Նա ընկերների հետ դիրքերից իջել էր հաց բերելու և ձեռնամարտի բռնվել մինչև ատամները զինված թշնամու հետ: Արարատի հիշատակին հայրենի գյուղում՝ Սարդարապատում,  այսօր կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ:

Արդեն 4 տարի Արարատ Խանոյանը մեզ հետ չէ, նա թշնամու դիվերսիոն հարձակման զոհ դարձավ, երբ դիրքերից 3 ծառայակից ընկերոջ հետ  իջել էր սնունդ բերելու և անտառի մեջ ենթարկվել դիվերսիոն հարձակման, 3 անփորձ երիտասարդն  ընդեմ մինչև ատամները զինված հասուն զինվորականների:  Մայրը` Անահիտ Վարդանյանը պատմում. ,,Տղաները զենք չեն ունեցել, այդ պատճառով ձեռնամարտի են բռնվել, նրանցից  որդիս՝ սերժանտ Արարատ Խանոյանն ու շարքային Ազատ Ասոյանը զոհվեցին: Հաց բերելիս տղաներից մեկն է զենք կրում, որպեսզի դժվարություններ չլինեն սննդի տեղափոխման համար,,:

Արարատի բացակայությունը նրա սրտում մի դատարկ անկյուն է թողել, կարոտ, որը ոչնչով չի փարատվում: Արարատը միակ որդին էր, հիմա ծնողներն ամեն ինչ անում են նրա անունն ու հիշատակը վառ պահելու համար: Տանը Արարատի սենյակը վերածվել է թանգարանի, որտեղ հյուրընկալվում են ձարբեր մարզերի դպրոցականներ: Սարդարապատի դպրոցում Արարատ Խանոյանի դասարանը՝  հայոց լեզվի և գրականության դասասենյակն անվանակոչվել է նրա անվամբ, իսկ գյուղի կենտրոնում բացվել է հուշաքար:

Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Մանուկյանը լավ հիշողությունների ունի իր նախկին սաների հետ, հերոսի դրական հատկանիշները՝ ընկերասիրությունը, օգնելու պատրաստակամություևնն ու հայրենասիրությունը  դրսևորվել է դեռ մանկուց:

,,Երբ հայրն առաջին դասարան բերեց Արարատին ասաց՝ Արարատ Խանոյանին դպրոց եմ բերել: Արարատ Խանոյանը պապն էր, Գերագույն խորհրդի պատգամավոր, ասացի պապիկիդ պես պատգամավոր ես դառնալու, ասեց՝ չէ, գեներալ եմ դառնալու,,:

Գեներալ չդարձավ, սակայն հերոսացավ:  Նորորյա հերոսների փառքին ու հիշատակին սեփական նախաձեռնությամբ անդրադառնում է ասմունքող, դերասանուհի Հերմինե Պետրոսյանը: Արարատ Խանոյանին նվիրված հուշ-ցերեկույթը նրանցից մեկն էր:

Հուշաքարին ծաղիկներ խոնարհեցին հերոսի համագյուղացիները, հյուրերն ու Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

,,Այսօր  ես հասկացա, որ Արարատը իմ սերնդակիցն է, ու ամենակարևորը հասկացա, որ Արարատն այսօրվանից  իմ ընկերն է: Իմ առաջին պաշտոնական այցը եղավ հիշատակի ցերեկույթը, բայց մյուս կողմից, հիշելով Արարատի սխրանքները, մենք էլ ավելի ենք պարտավորվում անմնացորդ աշխատել այս  երկրի հողի համար, նվիրվել մեր հայրենիքին, ինչպես Արարատը նվիրվեց,, — ասաց մարզպետը:

Հայրենիքի համար հերոսացած որդիների մայրերը մեկտեղ են կիսում վիշտը:  Արմեն Հովհաննիսյանի մայրը, Մարինե Հովհաննիսյանը նույնպես Սարդարապատ գյուղում էր, նրա միակ որդին նույնպես դիվերսիոն հարձակման զոհ էր, Արմենի անունը նույնպես անմահացել է:

,,Ես մեծ հպարտությամբ եմ գալիս Սարդարապատ, մեր խոնարհումը բերեցինք նորօրյա հերոսին, ամեն օր պիտի խնկարկենք նրանց հիշատակը,,:

Խանոյանի հուշաքարին ծաղիկներ խոնարհող տղաները  գիտակցում են համայգյուղացի Արարատ Խանոյան հերոսի ծառայության արժեքը, ում օրինակով էլ նրանք պատրաստվում են ծառայել հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի հանրապետության: Նա դիրքի  զինվորներին հաց բերողն էր:

Back to top button