Տնտեսական

Տնտեսագետները ԱՎԾ հրապարակած տվյալները հուսադրող են համարում

Ազգային վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է այս տարվա առաջին ինն ամիսների մակրոտնտեսական նախնական ցուցանիշերը:

Թվերը տնտեսագետները հուսադրող են համարում: Ավելին, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ տարին կփակենք բյուջեով նախանշված՝ 5 տոկոսին մոտ տնտեսական աճով։

Ծառայությունների ոլորտ ( 19.8 տոկոս), առևտրի շրջանառության (8.8 տոկոս), շինարարության ոլորտ ( 3.5 տոկոս), և արդյունաբերության ոլորտ (0.9 տոկոս): Հիմնական այս չորս ոլորտներն են, որ այս տարվա առաջին ինն ամիսներին  աճ են արձանագրել:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  համեմատելով թվերը նկատում է՝

«Տնտեսական ակտիվության առումով 2018թ 2017-ի նկատմամբ՝ 6,5 տոկոս: 2017-ին այն կազմել է 5,1 տոկոս: Առաջընթաց կա»:

Արդյունաբերության աճը տարիներ շարունակ հանքարդյունաբերության հաշվին է եղել, սակայն արդեն ինն ամիս է, ինչ  հանք արդյունահանող ամենամեծ ընկերությունը՝ Թեղուտը, չի աշխատում: Սրան շուտով կավելանա նաև Ալավերդու  պղնձաձուլարանը։

«Ալավերդին դեռ իր ազդեցությունը չունի, բայց արդեն ունի, քանի որ մեկ ամսից ավելի է, ինչ խոսակցությունները գնում են»:

Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բացասական ցուցանիշ՝ մոտ 5 տոկոս անկում: Սա մասնագետները սեզոնայնությամբ են  բացատրում: Արտահանման և ներմուծման տեմպերը նվազել են ՝

«Վճարային հաշվեկշիռը նայելիս (առաջին վեց ամիս)արտադրական պաշարների առումով, ներմուծման ծավալները ամենամեծն են եղել՝ վճարային հաշվեկշռում՝ արտադրական պաշարների առումով վերջին 4 տարում ամենամեծ ներմուծման ծավալներն են. Կապիտալ ապրանքներն ու արտադրական  պաշարներն են ավելացել: Ներմուծումն ավելացել է ոչ թե անձնական սպառման ապրանքների, այլ՝ արտադրական ապրանքների հաշվին»:

Ներմուծման կառուցվածքում դրական միտումներ նաև ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է նկատել: «Ռադիոլուրի» զրուցակիցն ընդգծում է՝

«30 տոկոսից ավելի ներմուծումը նաև լավ է, եթե կառուցվածքում ներդրումային ապրանքներն են, սա լավ է: Այս դեպքում դա իրականում այսպես է»:

Առաջին կիսամյակում ներդրումներն աճել են, սա նաև «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվին: Այժմ, սակայն, այս ընկերությունում  խնդիրներ կան: Ընդհանրապես, անդրադառնալով արդեն մեր երկրում  ռիսկային համարվող հանքարդյունաբերության ոլորտին, նախկին նախարարը չհերքելով  բնապահպանական նորմերի պահպանումը, նաև արձանագրում է

«Մեր նման երկրները հրատապ խնդիրներ ունեն կապիտալի կուտակման, մարդկանց եկամուտների գեներացման մասով: Դու չես կարող վերցնել ու ասել՝ ես այսօրվանից դառնում եմ եվրոպական ստանդարտներով երկիր ու գլխատես  նմանատիպ հանքագործական ընկերությունները»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ տնտեսական աճի կառուցվածքը պետք է փոխել.

«Ընդերքը քանդել արտահանելով, մենք պետք է լրիվ ուրիշ իրավիճ-ակ ստեղծենք»:

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, վստահ է՝ հանքարդյունաբերության ոլորտի փոխարեն աշխատատեղերի այլընտրանք հնարավոր է ապահովել:

«Միանշանակ կարող է լինել: Տարիներ շարունակ մեզ այլ ձևով է այդ ամեն ինչը ներկայացվել՝ որպես փրևկություն, միայն ու միայն հանքարդյունաբերություն:Ես միշտ դեմ եմ եղել այսպիսի հանքարդյունաբերությանը»:

Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար երկարաժամկետ, հստակ քայլերով ամրագրված ու հաշվարկված ծրագրեր են անհրաժեշտ:

Ցուցադրել ավելի
Back to top button