Քաղաքական

ՏԻՄ ընտրությունների փորձագիտական գնահատականը


Հայաստանի մի շարք համայնքներում երեկ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին: Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական էին, իսկ 25-ում՝ արտահերթ: Մեծ կարևորություն ունեին Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի և Կապանի քաղաքապետերի ընտրությունները։

Կապանում քաղաքապետի թեկնածուներ էին Նարեկ Բաբայանը, Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը։

Կապանում ՔՊ-ն պաշտպանում էր Նարեկ Բաբայանի թեկնածությունը: Ընտրությունների արդյունքում հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը:

Իշխանությունների պաշտպանած թեկնածուի պարտությունը գնահատվում է որպես հեղափոխության հաղթանակ:

 

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Կապան քաղաքում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը՝ մոտ երկու հազար ձայնի առավելությամբ։  Կապանում արձանագրված այս արդյունքը ոմանք խիստ ուշագրավ են համարում՝ ոչ միայն տեղական ընտրությունների, այլ նաև՝ ներքաղաքական իրողությունների համատեքստում։

Ոմանք կարծում են, որ սա կապանցիների պատասխանն է՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակման: Քաղաքացիական պայմանագրի պաշտպանած թեկնածուի պարտությունը, սակայն, կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը չի կապում Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակման հետ:

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ

Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշել է՝ լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հակադարձելով լրագրողի հարց-դիտարկմանը:

ՔՊ կուսակցության ղեկավարը նաեւ փոխանցել է, որ իրենց պաշտպանած թեկնածուներից այս ընտրություններում պարտվել են երկուսը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, էականը համարում է այն, որ իրենք կատարում են այն պարտավորությունը, ինչի մասին նախկինում էլ հայտարարել է:

Աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը՝ շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ տվյալ դեպքում իրենց պաշտպանած թեկնածուի պարտությունը համարելով հեղափոխության հաղթանակ:

Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները հերթական էին, 25-ում՝ արտահերթ: ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները:

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված Սևակ Միքայելյանը: Նա ՔՊ անդամ է, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և չի սատարելու որևէ թեկնածուի: Քաղաքապետ ընտրված Սեւակ Միքայելյանը ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է: Նա իր միակ մրցակից Լեւոն Ստեփանյանին հաղթել է մոտ վեց հազար ձայնի առավելությամբ։

Կապանում ՔՊ առաջադրած թեկնածուն պարտվել է

Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։ Սեւակ Միքայելյանն այսօր չցանկացավ հարցերի պատասխանել՝ խոստանալով մի քանի օր անց բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները տալ:

Արմավիրի քաղաքապետ է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Էջմիածնում  45278 ընտրողներից քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 15826 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։

Էջմիածնի  քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, որը մինչ այդ քաղաքապետի պաշտոնակատարն էր: Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն եւ, ընտրություններում հաղթանակից հետո էլ հասցրել է իր թիմակիցների հետ նշել հաղթանակը:

Ես կարծում եմ, որ այս ընտրությունը առաջին հերթին նշանակում է, որ թաղային խուժանն Էջմիածնում այլեւս տեղ չունի՝ որպես ընտրված քաղաքապետ իր անդրանիկ հարցազրույցում հայտարարել է Դիանա Գասպարյանը:

ՏԻՄ ընտրության մասնակցությունը․ ԿԸՀ

Հրազդանի եւ Էջմիածնի ընտրություններում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են որոշ հիմնական խախտումներ: Մասնավորապես նշվում է, որ Հրազդանում որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա է եղել համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ, տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն: Էջմիածին քաղաքում էլ դիտորդներն արձանագրել են, մեջբերում ենք.

«Որոշ տեղամասերում արձանագրել են ընտրողների տեղափոխության դեպքեր: Որոշ տեղամասերում փորձել են խոչընդոտել դիտորդների ազատ տեղաշարժը: «Անկախ դիտորդ» կազմակերպությունը արձանագրում է նաեւ, որ մեկ տեղամասում արդեն նախապես ստորագրել են ամփոփիչ արձանագրությունները, տեղամասերի մոտակայքում նկատվել են քարոզչական պաստառներ՝ փակցված չսահմանված վայրերում և մեքենաների վրա»:

Ամփոփելով ընտրությունների արդյունքները՝ ՔՊ մամուլի խոսնակ Վահե Կոստանյանը ՖԲ իր էջում գրել է.

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և համակիրների մեծ մասը հաղթեցին ընտրություններում, միևնույն ժամանակ արձանագրեցինք պարտություններ։ Կարծում եմ, իշխանությունները պատվով հաղթահարեցին այս քննությունն՝ ընդունելով ընտրությունների արդյունքները։

Մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և արձանագրում, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը տարավ իր հերթական հաղթանակը թե՛ մեր արձանագրած հաղթանակներով, թե՛ փոքրաթիվ պարտություններով»:

Back to top button