Տնտեսական

Երևանում բացվեց «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը

լրացված 18.44

ԵԱՏՄ խորհրդի նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին: Երևանում Եվրասիական շաբաթվա շրջանակներում Մերիդիան կենտորում ներկայացված են ԵԱՏՄ երկրների արտադրանքը, հույս կա փոխշահավետ համագործակցություն ծավալել: Համաժողովի մասնակիցներն այսօր հիմնական խնդիրների մասին են խոսել:

Երևանը «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդես-համաժողովի շրջանակներում այս օրերին իր հարկի տակ է հավաքել աշխարհի 25 երկրից 2500 մասնակցի, ավելի քանի 125 ընկերություններ՝ քննարկելու Եվրասիական երկրների արտադրանքը անդամ երկրներ ու նաև աշխարհի տարբեր երկրներ հասցնելու, ներդրումներ կատարելու համար:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հյուրերին նախ տեղեկացրեց, որ   այս փուլում Հայաստանում տեղի են ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիաներ, ձևավորվում է հրատապ տնտեսական և քաղաքական օրակարգ և ակնհայտ է, որ այն շատ առումներով որոշվում է նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հաշվի առնելով:

«Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթ»-ը կդառնա այն հարթակը, որտեղ կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ ծրագրերը, և կհաստատվեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայաստանյան ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության, ներդրումների ներգրավման և գործընկերային հարաբերությունների հաստատմանը»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը կարևորեց համաժողովի աշխատանքները կազմակերպելու ընթացքում իշխանությունների և բիզնեսի հարաբերությունների բարելավումը:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Եվրասիական շաբաթվա շրջանակներում  քննարկվելու են տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված ոսկերչությանը, շինարարությանը,  ապրանքների թվային հետևելիությանը, խելացի քաղաքների տեխնոլոգիաներին և այլն: Կլինի նաև թվային ծրագրերի մրցույթի ամփոփում: Նա համոզված է՝  մասնակիցների սպասումները կարդարանան

«Կոոպերացիաների համատեղ գործունեությունը հանդիսանում է աշխարհում բոլոր ինտեգրացիոն գործընթացների հիմնական ուղղությունը: Մրցակցությունը լավագույնս ներկայացնում են Ավստրալիան և Նոր Զելանդիան, որոնք հանդես էին գալիս որպես սուր մրցակիցներ  անասնաբուծության ոլորտում, իսկ այսօր արդեն ունեն համատեղ արտահանման ռազմավարություն, այն ինչը մենք չունենք»:

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն էլ տեղեկացեց, որ Մոսկվան ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ ներկայանալու  համար: 12 ճանապարհային քարտեզները հնարավորություն կտան լուծել այն ստանդարտների խնդիրները, որոնցում ԵԱՏՄ-ն հետ էր մնացել  համաշխարհային լավագույն պրակտիկայից՝ ասաց:

«Այսօր մենք ունենք մի քանի  ուղղություններ, օրինակ՝ գրանցումը, միացումը հաղորդակցության կամ ենթակառուցվածքների ուղիներին, շինթույլտվության ստացումը, ու արդեն մտել ենք աշխարհի լավագույն քսանյակ։ Բացի դրանից՝ մենք այս փորձը տարածում ենք նաև շրջաններում, որովհետև բիզնեսն աշխատում է նաև մարզերում»:

Ընդունվել է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային օրենսգիրքը: Որքան շատ իրավական փաստաթղթեր լինեն նորմատիվ իրավական ակտերի տեսքով, որոնք արտացոլում են լավագույն պրակտիկան, այնքան ավելի լավ պայմաններ կստեղծվեն՝ ասում է Ռուսաստանի ֆինանսների նախարարը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը փաստում է, որ արդեն 2 տարի է, ինչ որոշ  հայ արտահանողներ ռուսական սուպերմարկետների հետ համագործակցում են առանց միջնորդների: Սակայն անհրաժեշտ է այնպես անել, որ այդպիսի արտահանողների թիվը մեծանա: Նախկինում ռուսական սուպերմարկետները նախընտրում էին հայկական արտադրանքը ստանալ տեղական առաքիչների միջոցով, ինչն այդ արտադրանքի արժեքը բարձրացնում էր եւ այն շուկայում պակաս մրցունակ դարձնում:

Համաժողովին հրավիրվել են մեծ թվով ռուսական մանրածախ ցանցերի ներկայացուցիչներ, որոնց համար հանդիպումներ են կազմակերպվել հայ արտահանողների հետ։ Մինչ այդ՝ նրանք «Մերիդիան» կենտրոնում ներկայացնում են իրենց արտադրանքը:

«Ներկայացնում եմ ստոմատոլոգիական սարքավորումներ, սա Կազանի բուժսարքավորումների գործարանի արտադրանքն է։ Իհարկե, հետաքրքրությունը մեծ է, շատ են մոտենում և հարցում, դեռ նոր ենք բացել տաղավարը, սակայն շատ են մոտենում»:

Փոխադարձ հետաքրքրություն կա ցուցահանդեսին ԵԱՏՄ շրջանակներում ներկայացվող արտադրանքի նկատմամբ, և մասնակիցները հույս ունեն, որ հնարավոր կլինի հետագայում փոխշահավետ համագործակցություն ծավավել՝ ասում են մասնակիցները։

Ցուցադրել ավելի
Back to top button